Ծննդեան Քրիստոսի») և այլ հարցեր։ Նույնքան արժեքավոր են Հովհաննես Սարկավագի աշխատությունները («Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն», «Յաղագս Որդւոյ», «Յաղագս Հոգւոյ Սրբոյ», «Յաղագս բնութեան Բանի եւ միաւորութեան», «Յաղագս կամացն», «Յաղագս ներգործութեան» ևն)։ Նրանց գրվածքներում քննարկվել են նաև պատկերի աստվածաբանության (տերունական և սրբոց պատկերների հանդեպ վերաբերմունքի տարբերակում) հետ կապված հարցեր։
Հայ եկեղեցու դավան․ սկզբունքների պաշտպանությանն է նվիրված Պողոս Տարոնեցու «Ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» երկը, որն ըստ էության պատասխանն է հունադավան Թեոփիստե իմաստասերի հակաճառ․ մի գրության։ Աշխատության առաջին մասում Պողոս Տարոնեցին քննարկել է երրորդաբանական, քրիստոսաբան․ խնդիրներ և, որպեսզի դավան․ պատկերը պարզ լինի, մանրամասն ներկայացրել է Քաղկեդոնի ժողովի ընդունած որոշումները, վերլուծել դրանք, ցույց տվել այդ ժողովի հետևանքով տեղի ունեցած քրիստ․ եկեղեցու տրոհումը։ Երկրորդ մասում հեղինակն անդրադարձել է ծիսական, տոմարական խնդիրների, արժեքավոր տեղեկություններ հաղորդել մանիքեցիների (տես Մանիքեություն), թոնդրակեցիների, ծաթերի մասին։
Դավանաբան․ մտքի զարգացման նոր շրջափուլ է ներկայացնում կիլիկյան հայրերի աստվածաբան․ մատենագրությունը։ Առավել նշանակալից է Ներսես Շնորհալու դավան․ ժառանգությունը։ Պատասխանելով բյուզ․ արքունիքի քաղ․ նպատակներ հետապնդող միութենական նկրտումներին՝ Ներսես Շնորհալին գրել է մի շարք դավան․ աշխատություններ (մեծարժեք են հատկապես «Գիր հաւատոյ խոստովանութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» դավանագիրը, «Սահմանք հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ», «Յաղագս աւանդութեան եկեղեցւոյ» թղթերը), որտեղ հետևողականորեն պաշտպանել է Հայ եկեղեցու ուղղադավան սկզբունքները։ Այս երկերի դավան․ կարևորությունն այնքան մեծ է եղել, որ դրանք վկայակոչվել են հետագայի Ա-դ․ գ-յան մեջ։
Հայ Ա-դ․ գ-յան կարևորագույն գործերից է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ» աշխատությունը։ 16 գլխից բաղկացած այս երկում հեղինակը խոսում է «եռանձնեայ Աստուածութեան եւ մի բնութեան» մասին, եկեղեցու հայրերի տարբեր գործերից քաղված բազմաթիվ վկայություններով հաստատում Տիրոջ մարմնի անապական, անախտ լինելը, Ծննդյան և Մկրտության տոնը նույն օրը՝ հունվարի 6-ին կատարելու, ս․ Պատարագը անխմոր և անջուր, անաղ և անձեթ մատուցելու, «Խաչեցարը» բացառապես Աստծո Որդուն ուղղելու անհրաժեշտությունը։ Երկն աչքի է ընկնում ողջմիտ հանդուրժողությամբ, զուսպ, հավասարակշռված շարադրանքով։ Հեղինակն իր առջև խնդիր չի դրել պախարակել մյուս եկեղեցիների դավանանքն ու ծիսակարգը, այլ՝ միայն ցույց տալ, որ Հայ եկեղեցու դավանանքն ու ծեսը հիմնված են վաղնջական եկեղեցու նվիրագործած դավան․ հիմնադրույթների, ծիսակարգի և սովորույթների վրա։ Դավան․ հանդուրժողության ոգով է շարադրված նաև Մխիթար Գոշի «Թուղթ առ վրացիսն՝ յաղագս ուղղափառութեան հաւատոյ» երկը, որը վրացի մատենագիր Արսեն Վաչեսձեի «Դոգմատիկոն»-ի «Երեսուն գլուխ հայոց հերձվածի» գլխում հայերին ներկայացված մեղադրանքների պատասխանն է։ Թղթի նպատակն է ներկայացնել հայոց դավանանքը, եկեղեցու ծիսակարգը, ցույց տալ, որ հայերը, ինչպես և հույներն ու վրացիները, հերձվածողներ չեն։
XII–XIII դդ․ նվազող բյուզ․ ճնշմանը փոխարինել է պապական Արևմուտքի օրավուր աճող եկեղեցավարչ․ հարկադրանքը։ Քաղ․ նկատառումներով Կիլիկյան Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններն ակներևորեն հակվել են Արևմուտքի կողմը։ Ահագնացող վտանգը կանխելու նպատակով Վարդան Արևելցին և Ստեփանոս Օրբելյանը պայքարի դրոշ են բարձրացրել՝ իրենց շուրջը համախմբելով հայրենասեր ուժերին։ Ժամանակակիցների դավան․ աչալրջությունը բարձր պահելու, աստվածաբան․ անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու նպատակով Վարդան Արևելցին շարադրել է «Դաւանութիւն հաւատոյ ուղղափառութեան», «Յաղագս բնութեան, թէ զինչ իցէ ըստ ինքեան իմացեալ ի փառս Աստուծոյ» աշխատությունները։ Գործակցելով Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի հետ՝ Վարդան Արևելցին պատասխանել է Հռոմի պապի՝ Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորին հղած դավան․ գրությանը։ Պատասխան թղթում [«Թուղթ Կոստանդեայ կաթողիկոսի Հայոց, զոր գրեաց առ Հեթում թագաւորն․․․ ի մայրաքաղաքն