Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/89

Այս էջը սրբագրված է

 «Սուրբ Երրորդություն», «Աստծո արարչություն», «Աշխարհի ստեղծում», «Հրեշտակները», «Մարդու ստեղծումը», «Աստծո նախախնամությունը», «Չարն ու չարի սկզբունքը» և այլ ենթամասերում Ա․ Տեր-Միքելյանը ներկայացրել է աստվածաբանության բոլոր կարևորագույն կետերը։ Բ մասի «Միածնի Մարդեղությունը», «Քրիստոսի Աստվածության ու մարդկության միությունը», «Քրիստոսի աստվածմարդկային կյանքի խորհուրդը», «Քրիստոսի գործունեության խորհուրդը» և այլ ենթամասերում բացատրել Փրկագործության խորհուրդը, ինչպես նաև՝ անդրադարձել Հայ եկեղեցու քրիստոսաբանությանը։ «Փրկչաբանական մոլորություններ» խորագրի ներքո հեղինակը խոսել է հերձվածների, քրիստոսաբան․ շեղումների (արիոսականություն, ապողինարիզմ, նեստորականություն, եվտիքականություն ևն), կաթոլիկ մարեմաբանության դավանած տեսակետների (Մարիամ Աստվածածնի անարատ հղությունն ու ծնունդը Հովակիմից և Աննայից) մասին։ Գ մասում բավական մանրամասն ներկայացրել է Սուրբ Հոգու, եկեղեցու վերաբերյալ Հայ եկեղեցու հրամանակարգ տեսությունները։ Հեղինակն առանձնապես կանգ է առել եկեղեցու խորհուրդների աստվածաբանության վրա՝ վիճարկելով կաթոլիկ և բողոքական եկեղեցիների տեսակետները։ Աշխատությունն ավարտվում է Հայ եկեղեցու վախճանաբան․ տեսակետների համակարգումով և ամբողջացումով («Վախճան և Քրիստոսի Երկրորդ գալուստը», «Մեռելների հարություն», «Դատաստան և վերջին վիճակ»)։

XX դ․ 40–50-ական թվականներից շահեկան զեկուցումներով և հոդվածներով հանդես է եկել Տիրան արք․ Ներսոյանը։ Հատկապես արժեքավոր են նրա էկումենիկ ոգով շարադրված «Հայ եկեղեցու քրիստոսաբանական դիրքորոշումը» (1957), «Քրիստոսաբանության մեջ համաձայնության խնդիրները» (1971) հոդվածները։

Գրկ․ Կնիք հաւատոյ․․․, Էջմիածին, 1914։ Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994։ Վարդան Այգեկցի, Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ, Ե․, 1998։ Տեր-Միքելյան Ա․, Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը, Տփղիս, 1900։ Օրմանյան Մ․, Հայ եկեղեցին, Ե․, 1991։ Նույնի, Տեղիք աստուածաբանութեան, Երուսաղեմ, 1981։ Անասյան Հ․, Հայկական մատենագիտություն, հ․ 2, Ե․, 1976, էջ 216–307։ Օղլուգյան Ա․, Համառոտ ակնարկ Հայ եկեղեցվո վարդապետական աստվածաբանության գրականության, «Գանձասար», 4, 1993։

Հակոբ Քյոսեյան


ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏ Երեվանի պետական համալսարանի, հիմնադրվել է 1995-ին։ Հիմնադիրը և առաջին դեկանն է բանասիր․ և փիլ․ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Շահե արք․ Աճեմյանը։ Ֆակուլտետում ուս․ աշխատանքները կազմակերպված են նոր՝ երկաստիճան համակարգով․ բակալավր՝ 4 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի։ Ունի շուրջ 250 ուսանող, յուրաքանչյուր տարի՝ ավելի քան 50 շրջանավարտ։ Ֆակուլտետում գործում է երկու ամբիոն՝ աստվածաբանության և կրոնի տեսության ու պատմության։ Կրոնի տեսության և պատմության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է հին և նոր աշխարհների մեծ կրոնների պատմությունը և ընդհանուր եկեղեցու պատմությունը։ Աստվածաբանության ամբիոնի ծրագիրն ընդգրկում է վարդապետ․ աստվածաբանություն, Աստվածաշնչի ներածություն և մեկնություն, Հայ եկեղեցու պատմություն, բարոյական աստվածաբանություն, հայրաբանություն, կրոնագիտություն, տոմարագիտություն, ծիսագիտություն, աստվածաբան․ հին գրականություն ևն։ Շահե արք․ Աճեմյանի ջանքերով ֆակուլտետում ստեղծվել է աստվածաբան․, աստվածաշնչյան գրադարան, որը կոչվում է իր անունով։ Ներկայումս (2001) գրադարանն ունի մասնագիտ․ բազմալեզու գրականություն, հանրագիտարաններ, բառարաններ (շուրջ 5 հզ․ կտոր գիրք)։ 1997–1998 ուս․ տարվանից ֆակուլտետում գործում է համակարգչային կենտրոն, և ուսանողներն օգտվում են ինտերնետային կապի հնարավորություններից։ Ա․ ֆ-ում աստվածաբան․ և աստվածաշնչական թեմաներով դասախոսություններ են կարդացել Սորբոնի համալսարանի պրոֆեսոր Ֆրանսին Լըկլերկը, Քենտրբերիի համալսարանի աստվածաբան-պրոֆեսորներ Հելլեն Դոնելին և Դեյվիդ Քուքը, Հալլեի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Ֆրեդերիկ Գոլցը, Վենետիկի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ դոկտոր Լևոն վրդ․ Զեքիյանը, Հռոմի արևելագիտության հայրապետ․ ինստ-ի պրոֆեսոր Ռոբերտ Տաֆտը, Ստրասբուրգի աստվածաբան․ համալսարանի պրոֆեսոր Ժերար Սիգվալտը։

Ա․ ֆ-ում հատուկ կարևորություն է տրվում օտար լեզուների ուսուցմանը։ Առաջին երկու տարիների ծրագիրն ընդգրկում է մեկ օտար լեզու (ֆրանս․, գերմ․ կամ անգլ․), պարտադիր