Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/9

Այս էջը սրբագրված չէ

Հայոց» աշխատությունները։ XVI դարից վկայություններ կան միայն ձեռագրերի նորոգման մասին, իսկ XVII դարից պահպանվել է ութ ձեռագիր։ Ա․ Ս․ Թ․ ա․ վ-ի գրչության կենտրոնը 1752-ին կողոպտել են Ատրպատականի Ազատ խանի, 1789-ին՝ Մուստաֆա խանի հրոսակները։ Նրանք վանքի սպասքի հետ հափշտակել են նաև ձեռագրերը (դրանցից 1477-ի «Ճաշոցը» 3900 արծաթով հետ է գնել Պետրոս տիրացուն և վերադարձրել վանքին)։ Ա․ Ս․ Թ․ ա․ վ-ում գրված 10 ձեռագիր պահվում է Մատենադարանում։

  1867-ին Ագուլիսի բնակիչների միջոցներով և գրող Պերճ Պռոշյանի նախաձեռնությամբ ու ջանքերով, կաթողիկոս Գևորգ Դ Կոստանդնուպոլսեցու հրամանով Ա․ Ս․ Թ․ ա․ վ-ում բացվել է արական դպրոց՝ «Վերին Ագուլեաց Հայոց հոգևոր ուսումնարան» անունով, որը եղել է եռդասյան և ունեցել է նաև նախակրթարան։ Դպրոցի համար վանքում հվ-արմ․ շինություններին հարկ է ավելացվել, հրավիրված ուսուցիչների համար բակում կառուցվել բնակարաններ։ Դպրոցն ունեցել է 150 աշակերտ, նրա կանոնադրության համաձայն՝ ընդունել են բնակչության բոլոր խավերի երեխաներին, դասավանդել են լեզուներ, պատմություն և աշխարհագրություն, թվաբանություն և երկրաչափություն, կենսաբանություն, գծագրություն ևն։ 
 Ա․ Ս․ Թ․ ա․ վ-ում պահվել են՝ 1821-ին Եփրեմ Ա Ձորագեղցի կաթողիկոսի նվիրած՝ Թովմա առաքյալի Աջը, Գայանեի մասունքը, Հակոբ Հայրապետի Աջը, 1657-ի ուրար՝ հրեշտակներով շրջապատված Հակոբ Նահապետն իր որդիների հետ ձեռագործ պատկերով, 1763-ի ուրար (այժմ՝ ՀՊՊԹ-ում), 1797-ի ոսկեթել վակաս։ 1918-ին թուրք․ զորքերն ավերել են Ագուլիսը, կոտորել հայ բնակիչներին, կողոպտել Ա․ Ս․ Թ․ ա․ վ․, որը դրանից հետո լքվել է և ամայացել։
  Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1․1, 2-րդ պատկերը։
  Գրկ․ Ալիշան Ղ․, Սիսական, Վնտ․, 1893։ Լալայան Ե․, Օրդուբադի կամ Վերին Ագուլիսի ոստիկանական շրջան կամ Գողթն, ԱՀ, գիրք 11–12, Թ․, 1904–05։ Այվազյան Ա․, Ագուլիս, Ե․, 1984։
                                                                                                            Մուրադ Հասրաթյան
ԱԴԱՆԱՅԻ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԺՈՂՈՎ 1316

, գումարվել է հուլիսի 18-ին (ըստ Մ․ Օրմանյանի՝ 10․7․1316), Կիլիկյան Հայաստանի Ադանա քաղաքում, Հայոց կաթողիկոս Կոստանդին Գ Կեսարացու և Հայոց թագավոր Օշին Ա-ի պահանջով։ Քննարկվել է Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն միացնելու հարցը։ Միացման և լատինադավանության տարածման որոշում ընդունվել էր 1307-ի Սսի ժողովում (տես Սսի եկեղեցական ժողովներ), բայց, ուժեղ դիմադրության հանդիպելով, չէր կենսագործվել։ 1316-ին Ավինյոնի Հովհաննես XXII պապն Օշին Ա-ից պահանջել է կատարել այդ որոշումը։ Կիլիկյան Հայաստանի քաղ․ կացությունը, որ վատթարացել էր մամլուքների, թուրքմեն-կարամանների և թաթար-մոնղոլների մշտական հարձակումների, ինչպես նաև ներքին եկեղեցադավան․ պառակտումների պատճառով, նրա գահակալներին հարկադրել է տեղի տալ արտաքին միջամտություններին, քաղ․ նեցուկ որոնել Արևմուտքում։ Օշին Ա-ն և Կոստանդին Գ Կեսարացին, պապի միջնորդությամբ եվրոպ․ պետություններից աջակցություն ակնկալելով, գումարել են Ա․ ե․ ժ․, որին մասնակցել են 18 եպիսկոպոս, 7 վարդապետ և 10 իշխան՝ մեծ մասամբ Կիլիկյան Հայաստանի ներքին թեմերից։ Նրանք հաստատել են Հայ եկեղեցին Կաթոլիկ եկեղեցուն ենթարկելու որոշումը, որը վճռականորեն մերժել են արևելյան վարդապետները և ժողովուրդը։ Ա․ ե․ ժ-ի որոշումներն ու դրանց գործադրման փորձերը, հանդիպելով համառ դիմադրության հատկապես Հայաստանում, մնացել են անկատար։ Արքունիքը փորձել է ճնշել հոգևորականության և ժողովրդի ընդվզումները, ինչը միայն խորացրել է պառակտումները և թուլացրել երկրի դիմադրողականությունը թշնամի մահմեդ․ պետությունների հանդեպ։

  Գրկ․ Չամչյանց Մ․, Պատմութիւն Հայոց, հ․ 3, Վնտ․, 1786։ Օրմանյան Մ․, Ազգապատում, հ․ 2, ԿՊ, 1914։


ԱԴԴԵ, սուրբ Ադդե Հայրապետ, I դարի տոնելի քրիստոնյա նահատակ։ Ըստ ասոր․ և հայկ․ աղբյուրների՝ Աբգար թագավորի համար խույր (թագ) գործող վարպետ՝ կերպասագործ։ Ըստ ավանդության, Բագրատունիների իշխանական տոհմից։ Երբ Թադեոս առաքյալն այցելել է Եդեսիա (Ուրֆա), Ա․ անձամբ աշակերտել է առաքյալին, որն իր փոխարեն հոգևոր առաջնորդ՝ Եդեսիայի եպիսկոպոս է ձեռնադրել նրան։

  Աբգար թագավորի մահից հետո նրա որդին՝ Անանունը, «․․․ Հայրենի առաքինության հետևող չեղավ, այլ կուռքերի մեհյանները