Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/90

Այս էջը սրբագրված է

 է ռուսերենը, մեկ հին լեզու (լատ․, հուն․ կամ եբր․) և գրաբար։

Ա․ ֆ․ Անգլիայի Քեմբրիջի համալսարանի հետ համաձայնեցրած իրագործում է ըստ “British council”-ի ծրագրի անգլ․ լեզվի ուսուցման հատուկ համակարգ, որն ուսանողներին նախապատրաստում է G․C․E․ քննությունների։ Քննությունը բարձր նիշերով հանձնող ուսանողին տրվում է միջազգ․ FCO վկայագիր։

Համակարգչային կենտրոնն իրականացնում է նաև հրատարակչ․ աշխատանքներ։ 1998-ին աստվածաբան․ մատենաշարից հրատարակվել է Վարդան Այգեկցու «Արմատ հաւատոյ» գիրքը։ Լույս են տեսել Ռ․ Վարդանյանի «Հայոց Տոնացույցը» (1999), Ռ․ Ղազարյանի «Գրաբարի բառարան»-ի երկու հատորները (2000), Վարդան Արևելցու ճառերի և ներբողների քննական բնագրերը Հ․Քյոսեյանի աշխատասիրությամբ (2000)։ Արևելահայերեն (գրաբար բնագրի հետ միասին) պատրաստվում են տպագրության Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանց»-ը, Մաղաքիա արք․ Օրմանյանի «Ազգապատում»-ի վերախմբագրված երեք հատորները։ Հրատարակվել են նաև քարոզչական բնույթի փոքրածավալ աշխատանքներ, կրոնագիտ․ գրքույկներ։

Ա․ ֆ․ ուս․ տարվա ընթացքում կազմակերպում է արշավներ Հայաստանի նշանավոր վանքեր՝ Գլաձոր, Տաթև, Հաղարծին։ Առաջին գիտ․ արշավը կազմակերպվում է Օշական (յուրաքանչյուր ուս․ տարվա հոկտեմբերին, Թարգմանչաց տոնի օրը), և ուսանողները ս․ Մեսրոպ Մաշտոցի գերեզմանին ուխտում են հավատարիմ լինել հայոց քրիստոն․ հավատին և լեզվին։


ԱՍՏՎԱԾԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, թեոլոգիա

[< հուն․  ( – Աստված և 

– բան, խոսք) բառից․ նշանակում է խոսք Աստծո մասին], գիտություն Աստծո մասին, քրիստոնեական կրոնի և հավատի, եկեղեցու դավանանքի և բարոյականության գիտական ու համակարգված շարադրանք։ Նպատակն է հիմնավորել և ապացուցել աստվածային հայտնության ճշմարտությունը։ Քրիստ․ Ա․ հիմնված է Աստվածաշնչի վրա։ Ա-յան քննական ուսումնասիրության և մտածողության առարկան բոլոր կրոն․ երևույթներն են և Սուրբ Գրքի հիմն․ թեմաները․ Աստված, այնպես, ինչպես հայտնվեց Քրիստոսով, մարդ, պարտականություն, մեղք, փրկություն, կյանք և վախճան, հավիտենականություն ևն։ Ա․ բացատրում է հավատը տրամաբան․ վերլուծությամբ, մեկնող․ պարզաբանմամբ և իմացական եղանակների կիրառությամբ՝ հասնելու համար հասկանալի, բայց անբացատրելի խորհուրդների բանաձևմանը։

Հին հույներն աստվածաբան են անվանել այն փիլիսոփաներին, գրողներին, բանաստեղծներին, որոնք աշխարհի, մարդու ծագումը վերագրել են «աստվածներին» և խոսել նրանց մասին, իսկ քրիստոնյա հույները՝ Աստծո մասին խոսողներին և Աստծո խոսքի պաշտպաններին։ Քրիստ․ ավանդությունը չորրորդ Ավետարանի հեղինակին՝ Հովհաննես ավետարանչին մեծարել է «աստվածաբան» պատվանունով՝ Աստծո Բանի հավիտենական ծնունդի, Բանն Աստծո գաղափարը Քրիստոսի անձի հետ միացնելու և Մարդեղության խորհրդի բացահայտման համար։

Քրիստ․ առաջին դարերում աստվածաբանել նշանակել է առհասարակ օրհնաբանել Աստծուն, խոսել նրա էության և ինքնության (հարաբերական իմաստով), սիրո և հոգածության մասին համաձայն հայտնության տվյալների, Աստվածաշնչի խոսքերի և մանավանդ՝ Քրիստոսի կյանքի, նրա պատգամած ճշմարտությունների, որոնք փոխանցվել են մարդկությանը առաքելական ավանդության միջոցով։ Սակայն հետագայում Ա․ դուրս է եկել իր պաշտամունքային և պարզ նկարագր․ բնույթի սահմաններից և չի մնացել Աստծո մասին միայն հայտնության տվյալներով խոսելու համեմատաբար սահմանափակ շրջագծում։ Եկեղեցու հայրերը, ելնելով գնոստիկյան (տես Գնոստիցիզմ) և քրիստ․ աղանդների ու հերձվածների դեմ գաղափար․ պայքարի անհրաժեշտությունից, սկսել են իմացական հայեցողությամբ պարզաբանել քրիստ․ հավատը, փիլիսոփայությունից փոխառնելով վերլուծման եղանակներ, փաստարկված, տրամախոս․ ոճ, եզրեր, բանաձևումներ։ Քրիստ․ ճշմարտությունները սկսել են սահմանվել, մեկնաբանվել, պաշտպանվել ընդդեմ հերետիկոս․ մեկնաբանությունների, ժխտումների և այլափոխումների։ Ա-յան հիմն․ բովանդակությունը կազմել են քրիստոսաբանությունը և երրորդաբանությունը։ Ստեղծվել են առաջին քրիստ․ աստվածաբան․ դպրոցները, որոնցից նշանավոր էին Ալեքսանդրիայինը և Անտիոքինը։ Վերջիններս մեծ դեր են խաղացել արլ․ և արմ․ աստվածաբան․ մտքի ձևավորման և զարգացման