Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/91

Այս էջը սրբագրված է

 գործում։ Ա-յան՝ եկեղեցու հայրերի մշակած եղանակն ունեցել է առավելապես ջատագով․, քարոզխոս․ և մեկնող․ բնույթ։

Արևմուտքում միջին դարերում, հատկապես սխոլաստիկայի ծաղկման շրջանում (XI–XIII դդ․) հույն դասական փիլիսոփաների, մասնավորապես Արիստոտելի մշակած փիլիսոփայության գիտ․ և մեթոդաբան․ տվյալների ազդեցությամբ Ա․ ստացել է գիտ․ առարկայի նկարագիր, դարձել ինքնուրույն գիտություն իր ներքին բաժանումներով և ճյուղավորումներով։ Ա․ գրավել է համալսարանական ուսման կենտր․ տեղը, իսկ մյուս գիտությունները որակվել են որպես Ա-յան «աղախին»։ XVI դ․ Ռեֆորմացիայի արդյունքում քրիստոնեության մեջ ծնունդ առած բողոքականությունը սկիզբ է դրել բողոքական Ա-յանը՝ իր տարբեր հոսանքներով և ուղղություններով։

Հայ Ա․ հիմնականում հետևել է հայրաբանական շրջանի (II–V դդ․) մշակած Ա-յան տիպին՝ ունենալով գլխավորապես ջատագով․ և հակաճառական բնույթ։ Սկսած XIV դարից հայ Ա-յան մեջ երևան են եկել դպրոցական (սխոլաստիկ․) մտակառուցման ազդեցություններ։ Գիտ․ Ա-յան հայ մեծագույն ներկայացուցիչը Գրիգոր Տաթևացին է, որը Հայաստանում տարածված՝ ժամանակի լատինադավան հոսանքի՝ ունիթորության դեմ պայքարել է իրենց իսկ զենքով և եղանակով։ Հայոց գրերի գյուտից հետո, երբ Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի, Եզնիկ Կողբացու, Հովհաննես Ա Մանդակունու, Եղիշեի և այլոց ջանքերով ստեղծվել է աստվածաբան․ թարգման․ և ինքնուրույն հարուստ գրականություն, ձևավորվել է հայ աստվածաբան․ միտքը․ նպատակն էր հեթանոսության և զրադաշտականության հերքումը, քրիստ․ կրոնի սկզբունքների հիմնավորումը, աղանդավորության (մանիքեություն, մծղնեություն, պավլիկյաններ, արիոսականություն, նեստորականություն, թոնդրակեցիներ ևն) դեմ պայքարը։ Քաղկեդոնի ժողովից հետո մեծ կարևորություն է ստացել քաղկեդոնականության դեմ պայքարը, Հայ և Հույն, Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միության փորձերին դիմագրավելը, Հայ եկեղեցու ծիսադավան․ ինքնուրույնության և անկախության պահպանումը։ Ասպարեզ են եկել հայ աստվածաբան․ մտքի խոշոր ներկայացուցիչներ Ստեփանոս Սյունեցին, Մաթուսաղան, Խոսրովիկ Թարգմանիչը, Հովհաննես Գ Օձնեցին, Հովհաննես Սարկավագը, Անանիա Սանահնեցին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Տաթևացին և ուր․։ Նոր շրջանի հայ նշանավոր աստվածաբաններն են Ա․ Տեր-Միքելյանը, Կ․ Տեր-Մկրտչյանը, Մ․ Օրմանյանը (տես նաև Աստվածաբանական-դավանաբանական գրականություն

Ա․ բաժանվում է երեք մեծ ճյուղի՝ տեսական, պատմական, գործնական, որոնք իրենց հերթին ունեն ներքին բաժանումներ։

Տեսական Ա․ ստորաբաժանվում է երկու մասի՝ վարդապետական կամ դավանաբանական Ա․ (կոչվում է նաև ուղղակի դավանաբանություն) և ջատագովական Ա․։ Վարդապետական Ա-յան առարկան են կազմում քրիստ․ հավատի էական տարրերը, հիմն․ սկզբունքները, որոնք եկեղեցու կողմից ճանաչված են որպես հավատի կանոն կամ դավանանք։ Վարդապետական Ա․ գիտություն է եկեղեցու վարդապետած ընդհանուր հավատալիքների մասին։ Նպատակն է ներկայացնել քրիստ․ հավատի ճշմարտությունը, իմացական հայեցողության եղանակով վերլուծել հայտնության տվյալները՝ սուրբգրային և եկեղեց․ ավանդության հիման վրա, բացատրել աստվածային տնօրինության իմաստը և այն ներկայացնել որպես ժամանակի ու տարածքի մեջ նյութավորված օրինաչափությունների որոշակի համակարգ։ Վարդապետական կամ դավանաբան․ Ա․ ունի իր առարկաները․ իմացաբանական Ա․, աստվածագիտություն, երրորդաբանություն, արարչագիտություն, մարդաբանական Ա․, քրիստոսաբանություն և փրկագործություն, մարեմաբանություն, հոգիաբանություն (ուսմունք Սուրբ Հոգու էության մասին), եկեղեցաբանություն, խորհրդագիտություն, շնորհաբանություն, վախճանաբանություն։

Գրիգոր Տաթևացին իր «Գիրք հարցմանցի» «Յաղագս աստուածաբանական եղանակած» ենթավերնագրի ներքո վարդապետական Ա․ բաժանել է չորս հիմն․ մասի․ ա․ տպավորական, բ․ պատճառաբանական, գ․ նշանական (սիմվոլիկ), դ․ խորհրդական (միստիկ)։ Այս չորս բաժանումներից բացի, Գրիգոր Տաթևացին, հետևելով Գրիգոր Նազիանզացուն, Ա․ բաժանել է ևս երկու մասի («դրութիւն», «բացաբարձումն»)՝ դրականի և ժխտականի, որոնցից յուրաքանչյուրն իր հերթին՝ երկու ենթամասերի։ Դրական Ա․ («կա և անվանվում է», «չկա և անվանվում է») իր մեջ բովանդակում է տպավորականը, պատճառաբանականը և նշանականը,