Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/93

Այս էջը սրբագրված է

սկզբ․ մեղքից։ Մյուս եկեղեցիները մերժել են հավատի այդ նոր վարդապետությունը։

Ծնունդ ս․ Աստվածածնի, անշարժ տոն է։ Հայ եկեղեցին նշում է XIII դարից սկսած, սեպտ․ 8-ին։

Ընծայումն ս․ Աստվածածնի, երեքամյա Մարիամին, իբրև ուխտի զավակի, իր Հովակիմ և Աննա ծնողների կողմից Տաճարին ընծայելու հիշատակության տոնն է։ Սկզբնապես Հայ եկեղեցին չի ունեցել Ընծայման կամ Նվիրման տոն, բայց սկսած XVI–XVII դարերից, հետևելով Հույն և Լատին եկեղեցիների սովորությանը, մտցրել է Տոնացույց և նշում է անփոփոխ՝ նոյեմբ․ 21-ին։

Ավետում, Ավետման տոն, Գաբրիել հրեշտակապետի՝ Մարիամ Աստվածածնին Ավետիս բերելու հիշատակի օրն է։ Հրեշտակապետը լուր բերեց Տիրամորը, թե Աստծո Որդին իրենից պետք է մարմնանա Սուրբ Հոգու զորությամբ և անարատ հղությամբ։ «Եվ հրեշտակը նրան ասաց․ «Մի վախեցիր, Մարիամ, որովհետև Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա դու կհղիանաս և կծնես մի որդի ու նրա անունը Հիսուս կդնես» (Ղուկ․ 1․30–31)։ Այդ օրը նաև Քրիստոսի Մարդեղության տոնն է։ Ավետման տոնը Հայ եկեղեցին նշում է անփոփոխ՝ ապրիլի 7-ին։ Եթե այդ տոնը նույնիսկ Մեծ պահքին զուգադիպի, եկեղեցու սուգի և ապաշխարության ձևերն ընդհատվում են (նախկինում Ավետման տոնը, եթե Մեծ պահքին էր համընկնում, հետաձգվում էր ս․ Զատկի չորրորդ օրվան)։ Հույն և Կաթոլիկ եկեղեցիները, Ս․ Ծնունդը դեկտ․ 25-ին նշելով, Ավետումը մարտի 25-ին են կատարում։

Գյուտ տուփի ս․ Աստվածածնի, Տիրամոր հիշատակության տոների շարքում ուշ շրջանում ավելացել են նրան պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներ։ Դրանցից մեկն է ս․ Կույսի տուփի գյուտի տոնը։ Ըստ ավանդության, երկու հույն իշխանազուն եղբայրներ, Երուսաղեմ ուխտի գնալով, լսում են, որ Գալիլիա անունով գյուղում մի հրեա կնոջ տանը հրաշքներ են կատարվում։ Հետաքրքրվելով, մտնում են տուն և տեսնում մի տուփ, որը պատկանել է Աստվածամորը։ Հասնելով Երուսաղեմ՝ պատրաստել են տալիս ճիշտ նույն տուփի մի ուրիշ օրինակ և վերադարձին, կրկին մտնելով հրեա կնոջ տուն, աննկատ փոխում են տուփերը և իսկականը տանում Կ․ Պոլիս։ Բյուզ․ Լևոն կայսրի օրոք (457–474) մեծ թափորով ու պատվով այն զետեղում են Կ․ Պոլսի Ս․ Աստվածածին եկեղեցում։ Հույները հուլիսի 2-ին հատուկ տոն են հաստատում ի հիշատակ տուփի գյուտի։ Հայ եկեղեցին այս տոնը նշում է XVIII դարից, երբ այն ընդգրկվել է Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսի 1774-ին հրատարակած և բարեփոխած Տոնացույցի մեջ։ Տոնակատարվում է Հոգեգալստյան հինգերորդ կիրակի օրը, հունիսի 14-ից հուլիսի 18-ը։

Գյուտ գոտու ս․ Աստվածածնի, Տիրամորը պատկանած իրերի հայտնությանը նվիրված տոներից։ V դ․ սկզբին, բյուզ․ Արկադիոս կայսրի օրոք (395–409) Երուսաղեմում գտնվել է Աստվածամոր գոտին, որը հանդիսավորությամբ տարվել է Կ․ Պոլիս, պահվել Ս․ Աստվածածին եկեղեցում ու պաշտամունքի առարկա դարձել։ Դրանից հետո հույները օգոստ․ 31-ին սկսել են ս․ Աստվածածնի գոտու հայտնության տոնը կատարել։ Հայ եկեղեցին մինչև XVIII դ․ այս տոնը չի նշել։ Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը 1774-ին հրատարակած Տոնացույցում ընդգրկել է այդ տոնը, որը յոթ օրվա շարժականությամբ նշվում է օգոստ․ 26-ից սեպտ․ 1-ը հանդիպող կիրակի օրը։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․2, 2-րդ պատկերը։
Արտաշես Ղազարյան


ԱՍՏՎԱԾԱՇՆՉԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի (ՀԱԸ), միջեկեղեցական կազմակերպություն։ Նպատակն է Աստվածաշնչի արևելահայերեն թարգմանությունն ու հրատարակումը՝ առանց մեկնությունների ու դավանաբան․ ծանոթագրությունների, և նրա տարածումը։ Ստեղծվել է 1991-ին։

Աստվածաշնչային առաջին ընկերությունը հիմնադրվել է 1710-ին, Գերմանիայում՝ ժողովրդին հասկանալի լեզվով և մատչելի գնով Աստվածաշունչ մատակարարելու նպատակով։ XIX դ․ սկզբին աստվածաշնչային ընկերություններ են ստեղծվել Անգլիայում, Ամերիկայում, Ռուսաստանում և այլ երկրներում։ Բրիտանական աստվածաշնչային ընկերությունը Աստվածաշունչը տարածել է ոչ միայն Անգլիայում և բրիտ․ մյուս երկրներում, այլև ամբողջ աշխարհում՝ տվյալ երկրի ժողովրդի լեզվով։ 1813-ին ստեղծված Ռուսաստանի աստվածաշնչային ընկերությունը Ռուս․ կայսրության տիրապետության տակ գտնվող բոլոր ժողովուրդների լեզուներով Ս․ Գիրք և կրոն․ գրականություն