Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/96

Այս էջը սրբագրված է

է չորսի բնագրերը՝ կազմելով մեկ Ավետարան (կոչվում է «Դիատեսարոն», բառացի՝ «Միախառնվածների Ավետարան»), որտեղ զանց են առնվել Ավետարանների նույնական հատվածները։

Տատիանոսի «Համաբարբառ Ավետարանը» մեզ չի հասել։ Սակայն նրա մասին կարելի է ընդհանուր պատկերացում կազմել Եփրեմ Ասորու համապատասխան մեկնությունից, որի մեծ մասը պահպանվել և մեզ է հասել հայերեն թարգմանությամբ։ Ենթադրվում է, որ գոյություն է ունեցել նաև Տատիանոսի «Համաբարբառ»-ի հայ․ թարգմանություն։

Ի տարբերություն Տատիանոսի, հետագայում կազմված ավետարանական համաբարբառների նպատակն էր ցույց տալ չորս Ավետարանների փոխհամաձայնությունն ու ամբողջականությունը։ Այդ բնույթի առաջին համաբարբառը կազմել է III դ․ հեղինակ Ամոն Ալեքսանդրացին (այդ մասին կա մի աղբյուր՝ Եվսեբիոս Կեսարացու՝ Կարպիանոսին հղած նամակը)։ Ամոն Ալեքսանդրացու կազմած Ա․ հ-ում երեք Ավետարանների նույնաբնույթ հատվածները համադրված էին Մատթեոսի Ավետարանի հետ՝ խախտելով Ավետարանների բնագրային ձույլ ամբողջականությունը և սուրբգրային կանոնականությունը։ Այդ գործը մեզ չի հասել ո՛չ բնագրով և ո՛չ էլ որևէ թարգմանությամբ։ Հետևաբար հրամայական անհրաժեշտություն էր առաջացել ստեղծելու Ավետարանների կանոնականությունը փաստող առավել հարմար ձեռնարկ։ Դա Եվսեբիոս Կեսարացու կազմածն էր, որ V դ․ թարգմանվել է հայերեն։ Բաղկացած է Կարպիանոսին հղած նամակից և 10 աղյուսակներից, որոնք կոչվում են կանոններ (Canones)։ Ի տարբերություն նախորդների, Եվսեբիոս Կեսարացին չորս Ավետարանները բաժանել է հատվածների և համարակալել։ Ըստ այդմ, Մատթեոսի Ավետարանն ուներ 355, Մարկոսինը՝ 236, Ղուկասինը՝ 342, Հովհաննեսինը՝ 232 հատված, որոնք նշվում են այբուբենի տառերով․ 10 կանոններից յուրաքանչյուրը ներկայացնում է համապատասխան հատվածների առանձին խմբեր։ Եվսեբիոսի կանոնները զետեղված են գրեթե բոլոր գրչագիր Ավետարանների սկըզբում, ինչպես նաև՝ մի շարք հրատարակություններում (1710, 1729, 1740 ևն, Կ․ Պոլիս)։ Եվսեբիոս Կեսարացու Համաբարբառի շնորհիվ մեկընդմիշտ ապահովվել է Ավետարանների կանոնական անձեռնմխելիությունը։ IV–V դդ․ երևան եկավ եվսեբյան համաբարբառի մի տարբերակ։ Այստեղ համաբարբառային կանոնները զետեղված էին ոչ թե Ավետարանների սկզբում, այլ յուրաքանչյուր էջի ստորին լուսանցքում։ Մասնագետների կարծիքով, լուսանցային կանոններն ունեն ասոր․ ծագում։ Դրանք գալիս են Ավետարանի պեշիտտոյական կանոնից և Աստվածաշնչի՝ ասոր-ից հայերեն առաջին թարգմանության վաղագույն վկայություններ են։ Ի տարբերություն հուն․ (որտեղ իշխում են եվսեբյան 10 կանոնները) և ասոր․ ձեռագրերի (որտեղ տիրապետող են լուսանցային կանոնները), հայերեն գրչագրերի ճընշող մեծամասնության մեջ դրանք հանդես են գալիս միասնաբար։ Սա ցույց է տալիս հայերեն Աստվածաշնչի ասոր-ից և հուն-ից թարգմանված լինելը։ Այսպիսով եվսեբյան և լուսանցային կանոններն այդ երկու թարգման․ ավանդույթների անառարկելի վկայությունն են։ Դրանք նպաստում են հայերեն Աստվածաշնչի բնագրի և կանոնի ուսումնասիրմանը։

XIII դ․ հայերեն գրչագիր Աստվածաշնչերում գոյություն ունի մեկ այլ կարգի համաբարբառ, որը կապ չունի ո՛չ եվսեբյան կանոնների, ո՛չ էլ, առավել ևս, ասորա-պեշիտտոյական հատվածումների հետ։ Այս Ա․ հ․ ունի աղյուսակի կերպարանք, որտեղ տրված են տվյալ Ավետարանի հատվածումների բովանդակությունն արտահայտող խորագրեր և դրանց դիմաց՝ 4 բնագրերի համապատասխանությունը ցույց տվող թվահամարներ․

Սկիզբն գլխոց Ավետա-		Մատթ․	Մարկ․	Ղուկ․	Հովհ․
րանին որ ըստ Մատթեոսի
Վասն մոգուց			 ա	 –	 –	 –
Վասն կոտորածի մանկանցն		բ	–	–	–
Վասն յառաջընթաց քարոզութեանն
Հովհ․ Մկրտչի			     գ	     –	     ե	     –
Վասն վարդապետութեան Փրկչին		դ	–	–	–
Վասն երանութեան			 ե	 –	ժէ	 –


Այս համաբարբառը վերագրվում է XII–XIII դդ․ մատենագիր Գևորգ Սկևռացուն։ Սակայն լիովին ինքնուրույն գործ չէ։ Այն խմբագրումն ու լրացումն է 909-ին ընդօրինակված (Մատենադարան, ձեռ․ № 6202) ձեռագիր Ավետարանի գլխակարգության։ Համաձայն նորագույն ենթադրության, գլխակարգություններն ու Աստվածաշնչի