Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/98

Այս էջը սրբագրված է

 ցանկը նույնությամբ վերատպվել է 1668-ին Ամստերդամում հրատարակված Նոր կտակարանում։ Ա․ հ․ են կազմել Անանիա Արզրումեցի Ալլահվերդյանը (1709), Բաղդասար դպիր Կ․ Պոլսեցին (1753)։ Բառարանային համաբարբառի մեկ այլ օրինակ է «Բուրաստան խնկոց»-ը, որը կազմվել է XIX դ․ (նախքան 1824-ը), և 1848-ին Զմյուռնիայում հրատարակված «Համաբարբառ կամ ցանկ նմանաձայն բառից Նորոյ Կտակարանի» աշխատությունը։ Այս Ա․ հ․ հիմնված է Հովսեփ վրդ․ Տեր-Ավագյան Արցախեցու կազմած Ա․ հ-ի վրա, որը մեզ չի հասել։

Ա․ հ-ների մեջ իր գիտ․ մակարդակով և համակարգվածությամբ լավագույնը Երուսաղեմի միաբան Թադեոս վրդ․ Աստվածատուրյանի կազմածն է (հրտ․ 1895)։ Այն ցայսօր էլ լայնորեն օգտագործվում է ինչպես սուրբգրային, այնպես էլ առհասարակ հայագիտ․ ուսումնասիրություններում։

Առկա է նաև աշխարհաբար (արևմտահայերեն) Աստվածաշնչի համաբարբառը (1963, Բեյրութ)։

Պատկերազարդումը տես ներդիր II-ում, 2․2, 4-րդ պատկերը։

Գրկ․ Էսապալյան Պ․, Տատիանի Համաբարբառն և հայերէն Աւետարաններու առաջին թարգմանութիւնը, Վնն․, 1937։ Անասյան Հ․, Հայ համաբարբառային գրականությունը և հայ մատենագրության համաբարբառը (աղբյուրաբանական և բնագրաքննական ուսումնասիրություն), «Էջմիածին», 1972։

Հակոբ Քյոսեյան


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ, Աստվածաշունչ մատյան, Սուրբ Գիրք, Գիրք գրոց, Աստծո խոսք, Կենաց խոսք, Աստծո հայտնությունը մարդկությանը, նրա խոսքերի, պատվիրանների, օրենքների, իմաստության, կանխասացությունների, երախտիքների, գործերի և փրկչական ծրագրի ամբողջությունը։ Քրիստոնյաների նվիրական ու սրբազան գիրքը։ Աստվածաշունչ գրքերը շնորհվել են մարդկությանը շուրջ 1500 տարիների ընթացքում՝ Սուրբ Հոգու ներշնչանքով և նրա իսկ կողմից ընտրված շուրջ 40 մատենագիր մարգարեների, ավետարանիչների և առաքյալների ձեռամբ։ Հայտնությունը մատենագրվել է Աստծո հրամանով (Բ Օր․ 31․24–26, Հեսու 24․26 ևն)՝ ստուգիվ և անսխալաբար սերնդեսերունդ փոխանցելու նպատակով, որպեսզի «բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ․ 2․4), և որ «կատարյալ լինի Աստծու մարդը և պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար» (Բ Տիմ․ 3․17)։

Ա․ Աստծո և մարդկության փոխհարաբերության իսկական վկայարան է․ այստեղ Աստված բացահայտում է իրեն (աստվածությունը, մշտնջենավորությունը, զորությունը, սրբությունը, հավատարմությունը, սերը), միջամտում մարդկանց կյանքին, ուխտ կնքում նրանց հետ։ Սրբազան պատմություններում արձանագրվում է նաև մարդու և ժողովուրդների պատասխանը՝ «կյանքն ու մահը, բարին ու չարը» (Բ Օր․ 30․15) ազատ կամքով ընտրելու փրկչական խորհրդի լույսի ներքո։ Ա․ դավանանքի, աստվածաբանության, եկեղեցու ընդհանրական (7 խորհուրդներ, ծես, Պատարագ ևն, ինչպես նաև պաշտամունքի առարկաներ՝ մյուռոն, խաչ ևն), հավատացյալների առանձնական (պահք, աղոթք, ողորմություն և բարեպաշտություն) աստվածապաշտության աղբյուրն է։ Ա․ մարդկության բազմադարյան գրականության և մշակութ․ ժառանգության գլուխգործոցն է, համաշխ․ քաղաքակրթության ընթացքն ուղենշած և առավել ներգործուն ազդեցություն ունեցած գիրքը։

«Աստվածաշունչը» իբրև հատուկ անուն բնորոշ է միայն հայերին և փոխառված է Նոր կտակարանից, որտեղ Պողոս առաքյալն այն օգտագործել է իբրև ածական․ «Աստծու շնչով գրված ամեն գիրք» (Բ Տիմ․ 3․16, գրաբարում՝ «Ամենայն գիրք աստուածաշունչք»)։ Քրիստ․ մյուս եկեղեցիներում գործածվող Biblia բառը փոխառված է հունարեն τα βιβλια-ից, որը թեև բառացի նշանակում է գրքեր, սակայն հավաքական՝ մեկ գրքի իմաստ ունի, ինչպես բովանդակ Ա-ի պարագան է։ Կազմված լինելով 75 տարաբնույթ ու ավարտուն գրքերից, գրված տարբեր լեզուներով (եբրայերեն, հունարեն, մասամբ՝ արամեերեն), տարբեր քաղաքակրթություններում ու ժամանակաշրջաններում, այդուհանդերձ, աստվածաշնչական գրքերը կուռ ու ամբողջական միասնություն են և ներդաշնակորեն լրացնում են միմյանց։

Սուրբ Գրքի աստվածաշնչականությունը, այսինքն՝ աստվածային ծագումը նրա գլխավոր ու կարևորագույն առանձնահատկությունն է, ինչը պայմանավորում է նրա անառարկելի հեղինակությունը, տարբերությունը մյուս բոլոր գրական ստեղծագործություններից և հարատևությունը․ «Երկինք և երկիր պիտի անցնեն, բայց իմ խոսքերը չպիտի անցնեն»: