առնում ոտանաւորների ձևով աւանդութիւնները: Այդ չափաւոր գրւածները այժմեան պօէմաների ձին ունէին: Այդպիսի մի շարք պօէմաները պէտք է կազմէին այն մեծ գիրքը, որ կոչւում է «Շահ-Նամա» կամ «Գիրք թագաւորաց»:
Աբուլ-Ղասիմը 36 տարեկան էր, երբ սկսեց գրել «Գիրք թագաւորացը»: 58 տարեկան հասակում Մահմուդ շահը հրաւիրեց նրան իր մայրաքաղաքը, որ այնտեղ շարունակէ սկսած գործը:
Աբուլ-Ղասիմը ուրախութեամբ եկաւ հոյակապ մայրաքաղաք... և երկար ժամանակ չը կարողացաւ մտնել արքունիք: Թէև Անսարին ընդունում էր նրա ձիրքը, բայց միւս պալատական բանաստեղծները աշխատում էին որքան կարելի է հեռու պահել վտանգաւոր հակառակորդին: Նրանք լաւ գիտէին, որ Աբուլ-Ղասիմը պէտք է նսեմացնէ իրանց և իրանք նրա առաջ այնպէս պէտքէ խաւարէին, ինչպէս արեգակի առաջ աստղերը:
Սակայն Անսարին յաղթեց: Նա շահի մօտ կարդաց Աբուլ-Ղասիմի գրած մի վէպը: Շահը շատ ուրախացաւ և հրամայեց կանչել բանաստեղծին պալատ:
—Նրա բանաստեղծութիւնները դրախտական բանաստեղծութիւններ են, ասաց Մահմուդը: Այն օրից Աբուլ-Ղասիմին անւանեցին Ֆրդուսի, որ պարսկերէն նշանակում է դրախտական: