Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/100

Այս էջը հաստատված է

ՍԱԹԽԱ ԳՅՈՒՂԻ 1918թ.
ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

«Բանբեր Հայաստանի
արխիվների»

1. 1986թ.

Մեր գյուղի եւ շրջանի մեծահասակներից շատ էի լսել 1918թ. մայիսին Ախալքալաքի գավառի Սաթխա գյուղի վրա թուրքական զորքերի հարձակման եւ գյուղի բնակիչների հերոսական դիմադրության մասին։ Գյուղի բազմաթիվ պաշտպանների պատմածների, առանձնապես պաշտպանության, գլխավոր հրամանատար Հմայակ Խանոյանի հաղորդած հավաստի տեղեկությունների հիման վրա ի մի բերվեց հերոսամարտի պատմությունը, իսկ 1968թ. գարնանը գյուղի ակումբում, պաշտպանության բազմաթիվ մասնակիցների ներկայությամբ, հանդիսավոր կերպով նշվեց Սաթխայի հերոսական գոյամարտի 50-ամյակը։

Այս հոդվածը հիմնականում շարադրված է այդ բանավոր տեղեկությունների հիմնա վրա:

Թուրքական զորքերը, խախտելով Բրեստի և Երզնկայի զինադադարի պայմանները, 1918թ. փետրվարի 12-ին կովկասյան ռազմաճակատում անցան հարձակման ու գրավեցին Երզնկան, փետրվարի 22–ին Մամախաթունը։ Չնայած հայ զինվորների քաջությանն ու անվեհերությանը, դաշնակցական հրամանատարության ապաշնորհության և Անդրկովկասյան սեյմի կառավարության դավաճանության հետեւանքով ընկավ նաև էրզրումը։ Այնուամենայնիվ, թուրքական բանակը Վեհիբ փաշայի հրամանատարությամբ, հանդիպելով հայկական զորքի համառ դիմադրությանը, 21 օրում հազիվ կարողացավ հասնել Սարիղամիշ։ Ապրիլի 5-ին ընկավ նաեւ Սարիղամիշը։ Մեծ վտանգ կախվեց արեւելահայության գլխին։ Թուրքերը, առաջ շարժվելով, տեղահան էին անում հայ բնակչությանը, գաղթեցնում կամ ոչնչացնում։

Անդրկովկասի հայությունը, հատկապես ռազմաճակատին մոտ գտնվող շրջաններում, նախապատրաստվում էր դիմադրության։ Ախալքալաքի գավառը, որտեղ 1918թ. ապրում էր 100 հազարից ավելի հայույթուն, նույնպես նախապատրաստվում էր դիմակայելու թուրքական հարձակմանը։