Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/108

Այս էջը հաստատված է

կայի հատվածում դիմում են գրոհի։ Սաթխայի պաշտպանները թույլ են տալիս նրանց մոտենալու, եւ, երբ կարելի էր արդեն անվրեպ հարվածել, հնչում է հրամանը կրակ։ Թնդում է առաջին համազարկը, հետո երկրորդը, երրորդը, և թշնամին, կորուստներ տալով, քաշվում է ետ։ Թուրքերը, վերադասավորելով ուժերը, ձեռնարկում են գրոհ։ Սաթխայի մարտիկները, կանխելով այս գրոհը եւս, դուրս են նետվում դիրքերից և դիմում հակագրոհի։ Թշնամին փախչում է՝ մարտադաշտում թողնելով սպանվածներ ու վիրավորներ։ Հեծելազորը, հետապնդելով նրանց, քշում է դեպի Աղբաբա։ Մի քանի թուրք ասկյարներ գերի են վերցվում։ Սաթխայում ազգային խորհուրդը, նրանց քննելուց հետո, բանտարկում է։ Նույն օրը, մայիսի 13-ին, ռազմաճակատի Մ. Խանչալիի հատվածում թշնամին, չնայած ուժերի գերազանցությանը, չհամարձակվեց հարձակվել։ Այստեղ մինչեւ մայիսի 18-ը շարունակվում է փոխհրաձգությունը։

Այս երկրորդ ծանր պարտությունը անչափ անհանգստացրել էր թուրքական բանակի հրամանատարությանը։ Ինչպես վկայում են թուրք ռազմագերիները՝ թուրքական հրամանատարության կարծիքով Սաթխայի մոտ կամ դրսից եկած կանոնավոր զորքեր կան կամ էլ Անդրանիկն է հայտնվել այնտեղ իր ահարկու ջոկատով։

Այս ենթադրության մեջ որոշ հիմքեր եղել են, որովհետեւ, ինչպես գրում է Սովետական Միության մարշալ Հովհ. Բաղրամյանն իր հուշերում[1], գեներալ Անդրանիկն իր զորամասով այդ ժամանակ Քարախաչի լեռնանցքի շրջանում է եղել, որը Սաթխայից հեռու է 30-35 կմ։ Սակայն հասկանալի է, որ Անդրանիկը տվյալ դեպքում մասնակցություն չի ունեցել սաթխացիների գոյամարտին։

Սաթխայի պաշտպանների այդ համառ դիմադրության ու քաջության համար թուրքերը գյուղը անվանելիս են եղել «Ղայա-տաշ» («ժայռ»)։

  1. И. X. Баграмян, Мои воспоминания, Ереван, 1979, ст. 76, 86․