Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/120

Այս էջը հաստատված է

բերվեց վրացական կարմիր գվարդիան… Ինչպես քաղաքի, այնպես էլ շրջապատման օղակի մեջ գտնվող հայ-վրացական գյուղերի մերձակայքում փորվեցին պաշտպանական դիրքեր, բարձունքների վրա ու բերդում տեղադրվեցին թնդանոթներ։ Պաշտպաններն ունեին բավարար թվով հրացաններ ու գնդացիրներ։ Փամփուշտների պակասը լրացվում էր զինագործ Չիֆթալարյան եղբայրների ջանքերով։ Վերջիններս սովորական կարի մեքենաները դարձրել էին փամփուշտ արտադրող մեքենաներ, որոնց վրա մեծ հմտությամբ աշխատում էին հայ կանայք ու աղջիկները։

Բոլոր պահակակետերը, գյուղերը իրար և քաղաքի հետ կապված էին հեռախոսով։ Անչափ խելացի էր կազմակերպված պարենավորման և բուժման գործը։ Զորքերում տիրում էր օրինակելի կարգապահություն։

Ախալքալաքի և Ախալցխայի ռազմաճակատի հրամանատար Արջեւանիձեն հիացած էր քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպվածությամբ։

Վտանգի հենց առաջին օրերից գավառում տիրում էր համընդհանուր խանդավառություն, մարտական ու բարոյական բարձր ոգի։ Յուրքանչյուր ոք ինքնապաշտպանությունը համարում էր իր հիմնական գործն ու նպատակը։ Ահա թե ինչպես է իր հուշերում նկարագրում այդ օրերի համաժողովրդական հերոսական ոգին Երվանդ Սիմոնյանը.

«Մայրերն ու կանայք իրենց որդիներին ու ամուսիններին մարտի դաշտ էին ուղարկում այնպես, կարծես տոնախմբության հանդես լինի, շատ անգամ տնից բերում էին իրենց որդու կամ ամուսնու հրացանն ու փամփշտակալները, որպեսզի դրանք վերցնելու համար զինվորը ժամանակ չկորցնի, հենց գործի տեղից այգուց, արտից, արհեստանոցից մեկնի մարտադաշտ…»:

Ինքնապաշտպանությունը բոլորի համար դարձել էր էություն, գաղափար։ Ամեն ոք փոքրից մեծը, տղամարդ, թե կին անմնացորդ նվիրված էր գոյամարտին։

Այդ վեհ գործում դժվար է որեւէ մեկին նախապատվություն տալ, սակայն չի կարելի չառանձնացնել Ախալցխայի քաղաքագլուխ, 32-ամյա Զորի Զորյանի անփոխարինելի դերը (նա այդ պոստում աշխատեց 1917 թ. նոյեմբերից մինչեւ 1921 թ. գարունը): Իր այդ դժվարին ու բարդ գործունեության ընթացքում նա ցույց տվեց եւ ռազմական, եւ կազմակերպչական, եւ դիվանագիտական կատարյալ հմտություններ։