Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/121

Այս էջը հաստատված է

Թուրքական զորքերը ուխտադրժորեն առաջ էին շարժվում դեպի Անդրկովկաս։ Ստեղծվում էին հայկական եւ վրացական նոր գնդեր թշնամուն կասեցնելու համար։ Թուրքական իշխանությունները, որպեսզի կանխեն հայկական եւ վրացական զորքերի հզորացումը, նրանց թիկունքում ոտքի էին հանել Գանձակի, Երեւանի եւ Անդրկովկասի այլ շրջանների թուրքերին, որոնք մեծ ակնկալիքներով էին սպասում թուրքական զորքերի մուտքին Անդրկովկաս…

Նրանք բազմիցս դիմում էին Թուրքիայի կառավարությանը իրենց օսմանյան պետության կազմի մեջ ընդունելու համար։ Օրինակ, «Մշակի» 1918 թ. թիվ 89-ում կարդում ենք հաղորդագրություն այն մասին, որ Գանձակի եւ Շամախու թուրքերը Բաթում են ուղարկել պատվիրակություն «մուսավաթ» կուսակցության հայտնի անդամ, բժիշկ Սուլթանովի գլխավորությամբ միջնորդելու համար ընդունել իրենց օսմանյան պետության կազմի մեջ։

Հետ չէին մնում նաեւ Ախալցխայի թուրքերը, որոնք թուրք-օսմանյան մեծաքանակ զորքերի հաջողություններից էլ ավելի էին լկտիանում համակված անպատժելիության զգացումով։ Դրա վառ ապացույցն է Ածկուրի դեպքը, որը տեղի ունեցավ մարտի 6-ին։

Ախալցխայի ինքնապաշտպանության համար անհրաժեշտ զենքը Բորժոմից պետք էր տեղափոխել։ Սակայն Ածկուրում ճանապարհը փակ էր։ Դրա համար հայկական գումարտակի 60 ընտիր զինվորներ ուղարկվեցին ուժեղացված պահակախմբով իրականացնելու զենքի տեղափոխումը։ Զենքը բերվեց 9 կառքով եւ երկու ավտոմեքենայով։ Առավոտյան ժամը 6-ին հասան Ածկուր, ուր նրանց համար պատրաստված էր ծուղակ։ Թուրքերը ճանապարհը փակել էին գերաններով եւ իրենք դարանակալել։ Երբ հայ զինվորները սկսեցին մաքրել ճանապարհը, որոտացին թուրքերի համազարկերը։ Հայերը կարողացան ճեղքել շրջապատումը տալով 9 սպանված, 7 վիրավոր եւ 10 գերի։ Դարանակալների ձեռքն ընկավ նաեւ 4 կառք փամփուշտներով։ Չնայած հայ զինվորները հանկարծակիի եկան, բայց կատարեցին առաջադրանքը։ Մեկ ժամ հետո թուրքերի բարբարոսության բոթը հասավ քաղաք։ Հայերն ու վրացիները մի կողմից, թուրքերը մյուս կողմից, դիմեցին զենքի։ Սկսվեցին ռազմական գործողություններ, որոնք տեւեցին երեք օր։ Այս անգամ պաշարման մեջ գտնվող հայերն ու վրացիները զինված էին թե քաղքում, թե գյուղերում, որի շնորհիվ թշնամուն չհաջողվեց առաջ շարժվել։ Երկուստեք եղան զոհեր։