Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/128

Այս էջը հաստատված է

իրենց արյունակից հավատակիցներից, որոնք կատարելով «հինգերորդ զորասյան» իրենց դերը, թիկունքից հարվածում էին հայերին ու վրացիներին: Ախալցխան պաշարման մեջ էր, իսկ Ախալքալաքի գավառի գլխին կուտակվում էին սև ամպերը։ Ախալցխայի արևելյան շրջանների, Ախալքալաքի, Չըլդըրի թուրքերը մինչև ատամները զինված հարձակվել էին գավառի հարավ-արևմտյան շրջանում թուրքական գյուղերով շրջապատված Կարծախ ու Մրակոլ հայկական գյուղերի վրա։

Կարծախցիները Գրիգոր Մնոյանի (Բաղդասարյան) և Բագրատ Մելիքյանի հրամանատարությամբ կռվում էին արիաբար: Կարծախցիների կորուստները չնչին էին 6 վիրավոր, իսկ թշնամիներինը անհամեմատ մեծ։ Աղբաբայի թրքությունը, որը դամոկլյան սրի նման կախված էր Ջավախքի հայության գլխին, նույնպես սպասում էր հարմար պահի ոստնելու համար։ Նրանց ներկայացուցիչները մարտ ամսին օգնություն խնդրելու նպատակով Ալեքսանդրապոլում գտնվող ախալքալաքցիների պատվիրակությանը պատկերավոր արտահայտությամբ բնաջնջման սպառնալիք են անում. «Այս լեռների ձյան տևողության չափով միայն դուք կյանք կունենաք» («Հառաջ», 1919թ., թիվ 14)։

Արդահանի հայ բնակչությունը գազանաբար սրի էր քաշվել։ Հրաշքով կենդանի մնացած փախստականները (բռնաբարված կանայք ու երեխաներ) դեռ չէին հասել Ախալքալաք, որոնց կյանքն ապհովելու համար գավառի հայոց ազգային խորհուրդը դիմել էր Ախալցխայի գավառի թուրք բեգերին… Թուրքական Կոկիագյուղի զինված ուժերը հաճախակի հարձակվում էին գյուղի մոտով անցնող հայ զինվորների վրա…

Այս հանգամանքները լցրին քրիստոնյաների հայերի, վրացիների և օսերի համբերության բաժակը։ Նրանք 1000 զինյալ մարդկանցով հարձակվեցին Կոկիայի, ինչպես և մի շարք այլ թուրքական գյուղերի վրա։ Կոկիայի տղամարդիկ փախան Չըլդըր, իսկ կանայք ու երեխաները գերվեցին եւ տեղավորվեցին Ալաստան գյուղում, որի բնակիչները նրանց, ինչպես նաև այլ գյուղերի թուրք գերիների հետ վարվում էին հային հատուկ մեծահոգությամբ։ Եվ երբ, ապրիլի 9-ին, Սարո գյուղի մոտ այդ գերիներին փոխանակեցին Արդահանից գաղթած 1500 հոշոտված, բզկտված, սոված, նիհար հայերի հետ, մերոնցից մեկը նույնիսկ կատակեց կշիռով փոխենք…

Այդ օրերին նորանոր հայկական գյուղեր էին զինվում ու անմիջապես