Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/149

Այս էջը հաստատված է

Գնդի կազմավորման համար Թիֆլիսի Հայոց ազգային խորհուրդը ուղարկել էր ընդամենը մեկ փոխգնդապետ (Առաքելով) որպես գավառի զինված ուժերի հրամանատար և 10-15 կրտսեր սպաներ։ Չնչին էին նաև ուղարկված զենքն ու զինամթերքը 550 հրացան, 66000 փամփուշտ և 4 գնդացիր, իսկ հանդերձանքը 1200 զինվորի համար։ Գյուղերում ևս ստեղծվում էին զինված ջոկատներ։ Հայ գյուղացիները զենքն իրենք էին գնում, իսկ վրացական գյուղերին զենքը ձրի ու մեծ քանակով տալիս էր Վրաց ազգային խորհուրդը։

Չնայած այս ամենին, Ախալքալաքի զինված ջոկատները թուրքերի դեմ տարան մի շարք փայլուն հաղթանակներ։

Գավառի հայության զայրույթն իր գագաթնակետին հասավ, երբ թուրքական բանակի առաջխաղացման հետևանքով մարտին, Արդաիանրւմ ոչնչացվեց 2000-ից ավելի հայ, իսկ կենդանի մնացածները գաղթեցին Ախալքալաք։ Սաթխացիները գլխովին ոչնչացրին Պատկանա գյուղը, գոնդուրացիները և վաչեանցիները Ղուլալիս գյուղը մաքրեցին թուրքերից։ Գրավվեցին Փոքր Խոսպիա և Սլջուա գյուղերը։ Վաևան, Թոք, Կոկիա գյուղերի թուրքերին պատանդ վերցրին և ապրիլի 9-ին փոխանակեցին Արդահանից տեղահանված 1500 հայերի հետ։ Գումբուրդոցիները Կուր գետի ձախ ափը քշեցին Մարգաստան, Նաքալաքել, Վեթախան և Միաշխան գյուղերի քրդերին։ Գումբուրդոցիները վաչեանցիների, դադեշցիների և սուլդացիների հետ միասին տեղահանեցին Հոկամի և Կարծախի գյուղական հասարակության թուրքերին։ Մայիսի 7-13-ին Գումբուրդո, Դիլիսկա, Սարո, Խիզաբավրա գյուղերի զինված ջոկատները ջախջախեցին Խերթվիսի գյուղական հասարակության և նրանց օգնության եկած Ասպինձայի թուրքերին և քշեցին Կուր գետի ձախ ափը։

Մայիսի կեսերին հայ-վրացական ուժերը ճակատամարտ տվին թուրքերի դեմ Դամալա և Սսպինձա գյուղերի մոտ, որին երկու կողմից մասնակցում էին հազարավոր մարդիկ։ Թուրքերը կրեցին ծանր պարտություն և թողին Ասպինձան կորցնելով մոտ հազար մարդ։ Դժբախտաբար, այս փայլուն հաղթանակներին հաջորդեց անսպասելի պարտությունը Կածախի մոտ։ Ախալքալաքի գնդի ժամապահները, խիստ ցածր կարգապահության հետևանքով, ինչպես միշտ, մայիսի 20-ի լույս 21-ի գիշերն էլ քնած էին, երբ թուրքական զորքերը հանկարծակի հարձակվեցին և խուճապի մատնեցին հայ զինվորներին, որը փոխանցվեց բնակչությանը և սկսվեց գաղթը իր բոլոր բացասական հետեւանքներով։