Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/15

Այս էջը հաստատված է

Կարելի է ենթադրել նաեւ, որ «Գոգարք» (Գուգարք) տեղանվան «արք» բաղադրիչը Եղել է «արիացիներ» ցեղանունը։ Ինչպես գիտենք հնդեվրոպական ցեղերը արիացիներն են, իսկ ամբողջ հայկական լեռնաշխարհը, որի կազմում նաեւ գուգարաց աշխարհը, հնդեվրոպական ցեղերի (որոնց թվում նաեւ հայերի) նախահայրենիքն է։

Այսպես, ուրեմն՝ «Գուգարք» (Գոգարք) կարող է նշանակել նաեւ «Գոգի» (գոգավորության, փոսի) արիացիներ (արիացիների երկիր)։

Ի դեպ, ըստ իս, «ար» բառով բառաբարդացված ուրիշ տեղանուն եւս կար պատմական Հայաստանի տարածքում՝ Մեծ Հայքի Արցախ նահանգը։ «Արցախ» տեղանունը կազմված է «արց» եւ «ախ» բաղադրիչներից։ Նախնական ձեւը եղել է «Արաց աղխ», այսինքն «արիների» (արիացիների) ցեղ («աղխ» բառը ըստ ՆՀԲ-ի ունի նաեւ «ազգ» նշանակությունը, իսկ Հր. Աճառյանի «Արմատական բառարանում» «աղխ»–ի 5-րդ նշանակությունն է՝ «ցեղ, զարմ, ժողովուրդ»)։


ՍԱԹԽԱՆ ԵՎ ՍՈՒԼԴԱՆ

2 ՀԱԶԱՐ ՏԱՐԵԿԱՆ ԵՆ

«ԱՐ»,

թիվ 2,

21 փետրվարի 1995թ․


Գուգարք նահանգը՝ պատմական Հայաստանի չորս բդեշխություններից հյուսիսայինը, անհիշելի ժամանակներից բնակեցված է եղել հնդեվրոպական, նրանց թվում նախահայկական ցեղերով։ Նրանք եւ նրանց հետնորդները հայերը, այստեղ եւս ստեղծել են զարգացած եւ հարուստ մշակույթ։ Այդ մշակույթի խոշոր կենտրոններ կան նաեւ նահանգի Ջավախք գավառում։ Վերջին տարիներին ամերիկացի գիտնականները վրացիների հետ միասին Ջավախքի մի շարք բնակավայրերում, այդ թվում՝ Սաթխա գյուղի (այժմ Վրաստանի Հանրապետության Նինոծմինդայի (Բոգդանովկա) շրջան) կիկլոպյան ամրոցում պեղումներ կատարելիս հայտնաբերել են Կուր-Արաքսյան մշակույթի նմուշներ։