Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/151

Այս էջը հաստատված է
ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ՊԱՅՔԱՐԻ ԵՎՍ ՄԵԿ ԷՋ
«Գիտություն»

թիվ 10,

16-27 մայիսի 1998թ.

Մայիսն իրավամբ համարում ենք մեր հաղթանակների ամիսը։ Մայիսին լրանում է Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերի 80-ամյակը։ Այժմ մենք ազգովի գիտենք, որ այս հերոսամարտերի շնորհիվ մեր ժողովուրդը, որի բեկորները 1918-ին կուտակվել էին մեր երբեմնի լայնարձակ հայրենիքի մի փոքր կտորի վրա, լարելով իր վերջին ուժերը, արժանի հակահարված տվեց թվաքանակով ու զենքով իրեն գերազանցող թուրքական կանոնավոր բանակին ու ետ շպրտեց Արարատյան դաշտից եւ Ապարանից, դրանով նա կառչեց իր այս փոքրիկ հողակտորին եւ փրկվեց վերջնական ոչնչացումից, ավելին վերականգնեց դարեր առաջ կորցրած պետականությունը։

Այս օրերին նաեւ լրանում է մեր ժողովրդի երկու մեծ հատվածների՝ Ախալցխայի եւ Ախալքալաքի գավառների (այժմ Ախալցիխեի, Ասպինձայի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի (Բոգդանովկայի) շրջաններ) հայության հերոսամարտերի 80-ամյակը։

Այս գոյամարտերը չպետք է տարանջատել հայ ժողովրդի ընդհանուր պատմությունից, եւ դրանք պետք է դիտարկել ու գնահատել համազգային համայնապատկերի վրա։ Նախ, այդ տարածաշրջաններում ի սկզբանե մինչեւ այսօր հայերը միշտ կազմել են մեծամասնություն, եւ հետո, թեեւ այդ տարածաշրջանները այժմ Հայաստանի Հանրապետության իրավասությունից դուրս են գտնվում, եղել են Հայաստանի Գոդերձական եւ Գուգարք նահանգների հատվածները։

Հասկանալի պատճառներով տասնյակ տարիներ հնարավոր չէր բացահայտ ու հրապարակայնորեն անդրադառնալ այս հերոսամարտերին։ Թերեւս միակ քայլը այդ ուղղությամբ կատարվեց 1968թ. գարնանը, երբ Ջավախքի Սաթխա գյուղում նշեցինք գյուղի հերոսամարտերի 50-ամյակը։ 1986թ.-ից սկսած, տպագրեցինք մեկ տասնայկից ավել հոդվածներ հերոսամարտերի մասին, իսկ 1992թ. գիրք («Ախալցխայի եւ Ախալքակաքի գավառների 1918-ի ինքնապաշտպանությունը»)։