Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/74

Այս էջը հաստատված է

գյուղերի Սաթխա, Գանձա, Մեծ ու Փոքր Արագյալների սահմաններում, նախ փորձում են ճնշում գործ դնել բազմամարդ բնակչությամբ լեցուն Գանձայի վրա։ Ոստիկանությունը գալիս պահանջում է իրեն հանձնել սպանողին։ Պահանջը մնում է անկատար։ Եվ ահա, 200 կազակ, յուրաքանչյուրը 2-ական ձիով, որպես էկզեկուցիա, տեղավորվում են հիշյալ գյուղերում, մեծ ավերածության մատնելով տեղացիների տնտեսությունը»։ Ս. Սուքիասյանի վկայությամբ, կազակները, բացի իրենց ուտելիքներից ու ձիերի կերից, նույնիսկ պահանջել են կանայք եւ աղջիկներ։ Որպեսզի այս բարբարոսություններին վերջ տրվի, հիշյալ գյուղերից ներկայացուցիչներ են գնում Գանձա Տեր-Սուքիասի (Վ. Տերյանի հայրը-Ա.Ս.) տունը եւ նրա իրավաբան որդուն Արամ Տեր-Գրիգորյանին խնդրում, որ նա գնա Թիֆլիս եւ բողոքի իրենց անունից։ Այդ ժամանակ, ինչպես վերեւում տեսանք, գյուղում էր նաեւ Վ. Տերյանը եւ մեծ քնարերգուն չէր կարող անտարբեր մնալ եւ իր եղբոր հետ միասին, ինչպես պարզվում է նրա նամակներից, իր ակտիվ մասնակցությունն է բերում էկզեկուցիայի վերացման գործին։

«Մշակի» 1908թ. օգոստոսի 6-ի համարում տպագրված Արամ Տեր-Գրիգորյանի հուլիսի 20-ի նամակից իմանում ենք, որ գավառում տարածված են եղել հերյուրանքներ, թե իբր գյուղացիները 1500 ռուբլի գումար են տվել Գանձա գյուղի հավատարմատար Արամ Տեր-Գրիգորյանին տվյալ գործով զբաղվելու համար, սակայն իրականում գումարը կազմել էր 100 ռուբլի, որը եւ 24 օրվա ընթացքում վերջինս ծախսել է միանգամայն օրինական ճանապարհով...

Ինչպես վկայում է իր հուշերում Ս. Սուքիասյանը, Արամ Տեր-Գրիգորյանի (ինչո՞ւ չէ, նաեւ Վ. Տերյանի-Ա.Ս.) եռանդուն ջանքերի շնորհիվ շատ շուտով անձամբ Գանձա է գալիս այն ժամանակվա Թիֆլիսի նահանգի նահանգապետ Լոզինո Լոզինսկին։ Թե երբ է նահանգապետը եղել Գանձայում, Սուքիասյանը չի գրում այդ մասին։ Այդ մասին մենք իմանում ենք «Մշակի» 1908թ. օգոստոսի 14-ի համարում հրապարակված հաղորդագրությունից, որով տեղեկացվում է, որ Ախալքալաքի գավառ է մեկնել Թիֆլիսի նահանգապետ Լ. Լոզինսկին, մեկ շաբաթ ժամկետով։ Եթե օգոստոսի 14-ին է նա դուրս եկել Թիֆլիսից, ապա հավանաբար ամսի 16-ին կամ 17-ին հասած կլինի Գանձա։ Գանձայում Տեր-Սուքիասի տանը նրան պատշաճ ընդունելություն է ցույց տրվում։ Նահանգապետը տեղեկանալով իրերի դրության մասին, անմիջապես կարգադրում է վերացնել երեք շաբաթ տեւած էկզեկուցիան։ Ի