Որ այս ժամանակ՝ կէս գիշերներին
Քնած մարդուն ճնշում է տանում ոգին
Եւ արշալուսի ծագելուց առաջ
Թողնում է նըրան. մօտըս կա՛ց նստած։
Զեմֆիրան
Հայրի՛կ, «Զեմֆիրա» է նա շըշնչում.
Ծերուկը
Նա գիշեր-ցե՛րեկ քեզ է պըտռտում—
Դու նըրա համար թանգ ես աշխարհից։
Զեմֆիրան
Վաղուց սառել է նրա սէրն իմ մէջ.
Սիրտս ազատութիւն է հիմա ուզում.
Արդէն ես... բայց կաց, մի՞թէ չես լըսում,
Ուրիշի անունն է նրա շըշընչում։
Ծերուկը
Անո՞ւն։
Զեմֆիրան
Լըսո՞ւմ ես խռպոտ տընքոցը
Եւ ատամների խիստ կրճտոցը...
Սարսափելի է... կարթնացնեմ իսկոյն.
Ծերուկը
Զուր տեղ մի՛ քըշիր գիշերւայ ոգուն,
Կըգնայ և ինքը։
Զեմֆիրան
Նա շուռ է գալիս...
Ահա զարթում է... տե՛ս, կանչում է ինձ...
Գնում եմ նրա մօտ. քնից, ցըտեսութիւն։
Ալեքօն
Ո՞ր էիր։
Զեմֆիրան
Հօրըս հետ նստած էի։
Դու այս գիշեր շատ էիր չարչարւում։