Նա դողդողում է. նա վախենում է,
Սառն ու տաքհովը մարմնովն է անցնում.
Նա դուրս է գալիս դատարկ վըրանից.
Ահռելի դէմքով նա թրև է գալիս
Սայլերի շուրջը... բայց անդորրութիւն
Քընած դաշտերի վըրան է տիրում.
Մութն է, լուսինը ամպերն է մտած,
Միայն աստղերը աղօտ լուսի տակ
Ցողի վրայ տեսնում է ինչոր հետքեր...
Հետքերը հեռու բլուրն են գնում
Եւ նա ուղղում է քայլերն անհամբեր,
Ուր չարագուշակ հետքերն են տանում։
Նրա առաջ հեռու շաւիղի ծայրին
Մի գերեզման է տալիս սպիտակին,—
Այն կողմն է քայլում անզօր ոտքերով.
Նա ճընշւած ծանըր նախազգացումով.
Նըրա ծնօտները իրար են զարկւում,
Ծընկներն են դողում... գընում է... յանկարծ...
Սա երազ խօ չէ՞, քնած է թէ արթուն...
Յանկարծ տեսնում է նա իրան առաջ
Երկու ըստւերներ. ականջ է դնում—
Եւ նա անպատւած գերեզմանի վրայ
Տեսնում է... ամեն բանը աշկարա։
Առաջին ձայն
(Զեմֆիրա)
Հերիք է...
(Երկրորդ ձայն)
(Մի պատանի գնչու)
Դեռ կա՛ց...