Երգի կախարդիչ զօրութիւնովը
Իմ մառախլապատ յիշողութեան մէջ
Պատկերանում են իմ տեսածները
Թէ ուրախ, թէ մռայլ րոպէների մէջ։
Այն երկրի մէջ, ուր պատերազմական
Ահեղ թնդիւնը երկար չէր լըռում,
Որ յաղթող ռուսը հրամայողական
Ձայնով Ստամբօլ սահմանն էր կարճում,
Աչքովըս տեսայ տափաստաններում
Հին բանակների կանգնած տեղերում
Խաղաղ սայլեր են գնչուների—
Մեղմ-անկախութեան այդ զաւակների։
Անապատներում պարապ ես նըրանց
Խմբի ետևից թափառում էի,
Ես քընում էի նրանց կրակի առաջ։
Պարզ կերակուրը բաժանում էի
Այս ճամպորդութեան մէջ սիրում էի
Ես նրանց ուրախ երգի հնչիւնը։
Երկար-երկար ես կրկնում էի
Մարիուլայի քնքոյշ անունը։
Բայց երջանկութիւնը չըկայ և ձեր մէջ,
Ով դուք բընութեան թշւառ զաւակներ։
Եւ այդ ճոթըռտւած վըրանների մէջ
Ապրում են տանջող, մաշող երազներ.
Եւ անապատում ձեր թափառական
Յարկը չազատւեց գալոց փորձանքից.
Ամեն տեղ հիմա—կիրք օրհասական
Ոչ ոք չի փախչում բախտի հարւածից։
Դ. Աստւածատրեան