Այս էջը հաստատված է

կգոցվեր մեր վրա: Երբեմն բանտապահներ կամ պատահական այցելուներ կուգային կխառնվեին նույն խցիկին մեջ. ծուխեն և գարշահոտ շնչառություններեն օդը նողկալի կդառնար: Առհասարակ մեր ներկայությունը մեծ զարմացում և հետաքրքրություն կներշնչեր և մինչև իսկ կդիզվեին դռան առաջքը, դիտելու համար մեզի: Բայց այդ վայրագ, գրեթե անասնային մարդիկը, նույնիսկ դուրսեն անցնող անցորդները, որ կկենային՝ ակնածանքով և հարգանքով կվարվեին մեզի հետ. այդ պարագան մեծ չափով դյուրացուցած էր մեր գործունեությունը:

Դեռ խցիկին մեջ՝ դուրսեն կլսեինք անանուն ժխոր մը, որուն մեջ երբեմն կորոշեինք հայհոյալի բացականչություններ, շղթայի ձայներ և ծխնիներու կռինչը: Քայլ մը անդին բանտին երկաթյա ցանկապատն էր, և, գառագեղի մեջ արգելված գազաններու պես, հոծ բազմություն մը ոճրագործներու դիզված էր ետին:

Այդ հրեշներուն, այդ մարդակերպ արարածներուն մեջ էր, որ վերջապես կգտնեինք մերինները: Անոնք կառաջանային, կմոտենային ցանկապատին և հոդ կտեսակցեինք: Սրտաճմլիկ անձնվիրություններով վեհանձն անձնազոհություններու ականատես եղած ենք այդ նույն երկաթյա ցանկապատին առաջքը: Հոն էր, որ բանտարկյալ պատանի մը իրեն տրված դրամական նպաստը մերժելով, տվավ իր քովը կեցող տժգույն և վտիտ բանտարկյալի մը ըսելով, թե ինքն առողջ ըլլալով, օրապահիկ հացեն զատ բանի պետք չունի, հոն էր, որ տեսանք, թե ինչպես կռնակնուն շապիկը կտային ավելի կարոտ ընկերոջ մը. և հոն էր, որ դարձյալ լսեցի ուրիշ նորահաս երիտասարդի մը բերնեն.

- Իմացա, որ ծնողքս շատ են աշխատել ու շատ դրամ ծախսել ինծի համար, գացեք գտեք զիրենք և ըսեք, թե զուր տեղն է. թող իմ տեղս սա՛ մարդն ազատել աշխատին, ընտանիքի հայր է:

Ու մատովը կցուցներ անդին, անկար, սրունքներուն վրա դեդևող մոխրագույն մազերով և մորուքով մարդ մը, որ չէր հաջողած մինչև մեզի հասնիլ:

Չեմ գիտեր, թե ի՞նչ եղած են և ի՞նչ էին այդ թանկագին խառնվածքները դեպքեն առաջ և հիմա: Ամեն պարագայի՝ դժոխային դժբախտություններու