Այս էջը հաստատված է

իրենց կուրծքը պիտի զարդարեին պատվանշաններով:

Մեզի կարելի չէր երկար խոսիլ իրենց հետ, բայց յուրաքանչյուրին դեմքը տպավորված էր անջնջելի կերպով մեր միտքերուն մեջ: Բան մը կար, որ կներդաշնակեր մեր մտածումներուն հետ, և ատ ալ տառապանքին հպարտությունն էր:

Դուրսը ցավագին ամբոխ մը կվրդովեր փոթորիկե բռնված ծովու պես. կանացի աղիողորմ ձայներ կխառնվեին տղու ճիչերու հետ: Հայ կիներ էին, որ եկած էին իրենց սիրելիները տեսնելու վերջին անգամ մը: Իրենց ետևը կկենային քանի մը թուրք կիներ ալ լռին ու անկարեկիր երևույթով: Երբ իրենց մոտեն կանցնեինք, սև կամ կարմիր յազմային տակեն իրենց սև նայվածքին ճառագայթը կսևեռեր մեր վրա: Հայ կիները կուլային անմխիթարելի վիշտով և չէին ուզեր մտիկ ընել որևէ բառ, որ ամոքեր իրենց ցավին սաստկությունը: Ոստիկանները կզայրանային, կկատղեին այդ տառապանքի պատկերին դեմ, անհանգստացած՝ տղու հեծեծանքներեն և կիներու արտասուքեն: Եվ ահա մտրակը բարձրացավ շառաչելով, ինկավ կիսամերկ կուրծքերու վրա, ահագին խուճապ մը շփոթություն ձգեց այդ հոծ բազմության մեջ. ոստիկանները միշտ կզարնեին և ամբոխը կընկրկեր. կցրվեր:

Լացի ձայները միշտ կային սակայն. որովհետև հայ դատապարտվածներու մայրերը, կիներն ու տղաքը՝ ամուր կեցած մտրակի հարվածներուն տակ, չէին հեռացած ու կհամառեին բողոքել, աչքերնին հառած բանտի դռան՝ որուն ետև խռնված ոճրագործներու ոհմակի մը մեջ կտեսնեին իրենց սիրելիներեն մեկը կամ մյուսը:

Բնական էր, որ հաճախակի մոտության մեջ ըլլալով թուրք բանտարկյալներու հետ, հետաքրքրվեինք իրենց հոգեբանությունով ու նաև իրենց վիճակով, մանավանդ, որ հետզհետե մեր այցելության միջոցներուն՝ մեր շուրջը հսկողությունը թուլցած ըլլալով, ավելի երկար կրնայինք խոսիլ հայ բանտարկյալներուն հետ, և այդ առիթով էր, որ տեղեկացանք, թե թուրք բանտարկյալներու մեջ ալ անմեղներ կան: Այս պարագան մեզ հարկադրեց շահագրգռվիլ իրենց վիճակով, ջանալ ամոքել իրենց նյութական վիճակը և հավասարապես դիմումներ ընել անոնց ազատ արձակման համար: Առաջին իսկ փորձին` լուրջ և անհաղթելի դժվարության հանդիպեցանք. և այդ պատճառով