հավաքելով խարդախությամբ՝ Սիհուն գետը նետել տված էր: Երկրորդն այն ճիվաղն էր, որ Ապտօղլուի մեջ Պաղտատօղլու Կարապետ աղային ագարակին մեջ թափաոած ատեն, տեսնելով, թե քանի մը ամսու տղեկ մը իր մորը դիակին վրա դեռ ողջ մնացած է, գետնեն քար մը վերցուցած և անով ջախջախած էր խեղճ երեխան:
Օրեր, շաբաթներ կանցնեին, և, հակառակ եղած խոստումներուն, պաշտոնական և անպաշտոն ագդարարություններուն, մեր բանտարկյալները բանտը կմնային: Օր մըն ալ, չարաբաստիկ օր, լուր ելավ, թե իրենցմե հինգը կախաղանով պիտի պատժվին…:
Առտուանց, արշալույսին, սարսափած կիներ և մայրեր եկան մեզ մոտ.
- Հոգերդ առնեմ, չըրի՞ն, չկախեցի՞ն հայեր, այդպես ալ նորեն պիտի կախեն:
Իզուր կջանայինք զիրենք մխիթարել, համբերություն և կորով ներշնչել:
- Մահեն սաստիկ է այս սարսափը, - կըսեր խելակորույս մայր մը իր երկու տղոցը համար դողալով: Մահեն սաստիկ էր, ճշմարիտ է, մեր մեջ ալ հետզհետե կասկածը կմտներ, ժողովրդական տրամաբանությունն անողոք է. չէ՞ մի որ կախած էին արդեն անմեդ հայեր:
Լուրը հասած էր նաև բանա, մեր բանտարկյալներուն. և ի՞նչ սրտի ճնշումով է, որ մոտիկցանք իրենց: «Որո՞նք են այդ հինգ ընտրվածները» կխորհեի միտքես. ու մեկիկ-մեկիկ կնայեի անոնց: Բայց իմ իսկ մտածումես կարծես սոսկալով, աչքերս կդարձնեի գետնին, հանցավորի նման:
Բանտարկյալները, սակայն, հանդարտ էին և չէին կորսնցուցած իրենց լրջությունը: Լուրը ստույգ էր, և այդ միջոցին գրեթե հույս չկար այդ չարաշուք որոշումը բեկանելու: Բայց կարծես տրամաբանական հետևանքը մարտ 31-են ի վեր պատահած դեպքերուն' իրենք պատրաստ էին նաև այդ մահվան:
Երբեք չեմ կրնար բացատրել, թե ինչ խորունկ տպավորություն թողաց իմ վրաս իրենց անտարբերությունը: Ամենքն ալ գրեթե երիտասարդ էին և ոմանք ընտանիքի հայր. կյանքը կբացվեր յուրաքանչյուրի համար հույսերով, երազներով, նպատակներով լեցուն.