հարկին. կիներ մազերնին կփեթտեին, մայրեր լալեն կկուրնային, ու մենք հարկադրված, գրեթե տարված ամբոխին հիվանդագին հոգեբանութենեն, կդիմեինք կառավարչատուն: Շնորհիվ նորընտիր վալիի անսահման համբերության ու բարյացակամության, նոր ուժ և նոր սիրտ առած, կդառնայինք վրդովված ամբոխին մոտ: Մինչև իրիկուն այդ ազդեցության ներքև կմնայինք: Կեսօրե ետքը կերթայինք տեսնելու մեր բանտարկյալները, որոնք օրե օր անհամբերցած և ջղագրգռված՝ մեկ բան մը կցանկային.
- Ինչ որ պիտի ըլլա, շուտ ըլլա՜…: Դեմքերը հետզհետե ավելի տժգույն էին, աչքերը տենդագին, մահ կսավառներ իրենց վրա… ու այսպես օրերով, օրերով:
Ու ամեն անգամ, որ իրենց ձեռքերը կսեղմեինք, կկարծեինք, թե վերջին անգամն էր:
Խուճապ և սոսկում… այրիներ ու որբեր խեղանդամներ ու վիրավորներ կուզեն փախչիլ, հեռանալ չտեսնելու համար, կցրվին շրջակա այգիներու մեջ… խելակորույս փախուստ մըն է, որ կուրվագծվի:
Մեզ կհանդիմանեին մեր լավատեսության համար, մեր ներշնչած հույսերուն համար, և կխուսափեին մեզմե իբրև օտար՝ իրենց զգացումներուն:
Օ՜հ, այդ արշալույսը… հավատքը խախտած էր նաև մեր մեջ և գիտեինք, որ բանտարկյալներն ալ այն գիշերը սպասած էին դահիճին այցելության… Մինչև առավոտ հսկեցինք անէացած մահասարսուռ մտածումներով, ու երբ վերջապես հոգնած ու ընդարմացած մեր արտևանունքը պիտի փակեին, արթնցանք կատղած ծովու պես մռնչող ամբոխին աղմուկեն: Սեր շուրջն առարկաները տժգունել էին. լույսը տմույն և ճերմակ կսողոսկեր փեղկերեն ներս… դո՜ւրսը… ո՜վ արև, ի՞նչ տեսար այս առավոտ…:
Հետո լռություն, շարան-շարան, քողերնին երեսնին ծածկած այրիները կերթային ավերված քաղաքին ամեն ուղիներեն. տանիքները պարապ են, եկեղեցիին զանգակատունը թափուր: Մենք, առանց աջ ու ձախ զբաղելու, կդիմենք բանտ, որո՞նք բացակա պիտի գտնանք արդյոք:
Ամենքն ալ հոն են, քիչ մը ավելի տժգույն այն աոավոտուն,