հականեխականներու բարկ հոտը կսպրդեր վիրակապներու ներքևեն ու կհիշեցներ դեռ չբուժված վերքերը ու այն օրերուն, այն սև օրերուն թափված արյունը… տժգույն ու դողահար, անարյունած իրենց ստացած վերքերեն ու անկե հուսաբեկ քան այրիացածները, լռին ու չոր ու տենդոտ աչքերով կհետևեին արարողության:
Անսահմանելի խռովք մը կթրթռար մթնոլորտին մեջ. խունկի թանձր ծվեններ կբարձրանային ու հետզհետե անոսրանալով կծածանեին ու կքողարկեին եկեղեցիին ձեղունը. երկու կողմերեն պատուհաններեն եկող լույսը սատափի տմույն ցոլք մը կստանար խառնվելով այդ բուրումնավետ ամպերուն, և երբեմն ժողովուրդը կծածկվեր խորհրդավոր կես մութի մը մեջ ու պատարագվորին ձայնը դողդոջուն և կրոնական հրայրքով մը լեցուն՝ կբարձրանար համրորեն հույլ և նվիրական ելևէջներով այդ արկածյալներու ամբոխին վրա, որ հազիվ կխեղդեր իր հեծեծանքը:
Դասը կանգնած էին խստադեմ ու տխուր քահանաներ, ամենքն ալ մեյ մեկ աղետյալ վայրե հրաշքով ազատված ու ապաստանած հոտ: Անոնց արևակեզ դեմքերը շրջանակված էին ճերմակ մորուքներով և անոնց մթին աչքերը դեո պահած էին, արհավիրքի և սարսափի արտահայտությունը, երբ բազկատարած կհետևեին աղոթքներուն: Հոն էր Ադանայի փոխառաջնորդ Տեր Արսեն քահանան իր փղձկած դեմքով և ցավոտ աչքերով, պատրաստ ամեն րոպե արտասվելու. հոն էր Տյորթ-Յոլի Տեր Սահակ քահանան, արի և վես կանգնած, իր սակավապետ և խորհրդավոր երևույթով և որուն բազուկները դժկամելով ամուլ աղոթքներու համար բարձրանալու, սքեմի սև ծալքերու ներքևեն կարծես դեռ ինքնապաշտպանության օրերուն հրամանները կուրվագծեին: Հոն էին նաև տարբեր եկեղեցիներու պատկանող եկեղեցականներ, կաթոլիկ, բողոքական, հույն, ասորի և քաղդեացի. ամենքն ալ հավաքված Լուսավորչի բազմաչարչար եկեղեցիին մեջ, վերջին մարտիրոսներու հոգիի հանգստյան համար իրենց աղոթքն ըսելու և եղբայրանալու այն մեծ և անսահման վշտի արտահայտության մեջ, որ քանդած էր այլազան աղանդներու մեջ եղած բոլոր սահմանները: Այդ պատկերը կհիշեցներ քրիստոնեության առաջին դարերը. ուխտվածներու և զոհվածներու թափած