ըլլալուն համար, թե՝ նույն ընտանիքեն փոքրիկ քույրերնին տասնհինգ տարեկան, տեղեկանալով իրողության՝ կաթվածահար եղած, և թե այդ ընտանիքը մայր մը ուներ, որ դեռ կապրե՜ր, դեռ կապրե՜ր…
Երբեմն շփոթված եղերական դրվագներե՝ կկարծեինք, թե արկածյալները կչափազանցնեին, թե իրենց խոսքերը հիվանդ և գերգռգռված երևակայության պտուղներ էին, բայց օտարներն ալ կվկայեին այդ մասին:
Օր մը, խոսելով այդ նյութին վրա՝ եվրոպացի հիվանդապահուհի մը կհավաստեր, թե վիշտն արտակարգ և ահռելի եղած էր. հիվանդները կմերժեին խնամվիլ և վիրավորներն արյունոտ և բաբախուն վերքերու վրայեն բզկտելով կհանեին վիրակապերը և հեռուն կնետեին. հիվանդանոցներու մեջ վշտագին սարսուռ մը կմոլորեցներ տենդահարները, և ամենքն ալ մղձավանջե բռնված կկարծեին տեսնել կախաղանները: Կույրեր, անկարներ, և անդամահատյալներ իսկ փախչելու կփափագեին և ամենքն ալ կնախանձեին անոնց վրա, որոնք մեկ հարվածով մեռած էին արդեն:
Մինչև այն օրը, որ Ստամբուլեն լուր եկավ, թե մահվան դատապարտությունները բեկանված են, մինչև այդ պահը ժողովուրդն ապրեցավ առաջին կախաղաններու վշտագին հիշատակին մեջ. ձգտված ու խելագարված՝ չէին ուզեր լսել ոչ մեկ ամոքում, ոչ մեկ մխիթարությո՜ւն. յուրաքանչյուրը մոռցած իր ցավը և հոգը, անպարտելի և հավաքական զանգված մը առաջ բերած էր, որուն վրդովումներովը կալելոծվեին և կգրգռվեին նույնիսկ հաճախ մեր դեմ: Ու սարսափով կդիտեինք, որ երբեմն հիմարությունը չարաբաստիկ հովի մը պես կանցներ այդ վիրալի զանգվածին մեջեն:
Իրիկուն մը, ուշ ատեն կանցնեինք այն տեղեն, ուր հայերու կախաղանները ցցված էին: Մեզի հետ կար ֆրանսացի մը, որուն եվրոպացիի զգայականությունը ծայրահեղորեն տանջված, հիվանդագին դյուրագրգռության մը հասած էր. իր տպավորություններն արագ և խուսափուկ պատկերներ էին միայն. հակառակ որ դեպքին առաջին օրեն մինչև ետքն ականատես եղած էր անհավատալի, անմարդկային տեսարաններու, իր արևմտյան միտքը մերժած էր ըմբռնել