Պահ մը լուռ, գլուխը կծռե, աչքերը կսևեռե գետինը, կարծես կվարանի խոստովանելու.
- «Շատ մոտս էին, գրեթե գլխուս վերև… սիրտս կթնդար կուրծքիս մեջ. կկարծեի, որ շատ հեռուեն կլսեն անոր ձայնը… երկու ձեռքերովս կոկորդս սեղմեցի՝ չպոռալու համար… քայլ մըն ալ՝ ու կորսված էի… գազանի պես կանգնեցա՝ մուտքն արգիլելու համար… ու նույն միջոցին քանի մը հրացան մեկեն պայթեցան ու մարմին մը իր բոլոր ծանրությամբ ինկավ գետին… վստահ էի, որ եղբորս մարմինն էր, բայց ինչ մեղքս պահեմ, մեծ հանգստություն մը տիրեց ներսս ու սրտիս թնդյունը դադրեցավ»:
Ու անտարբե՜ր մեր վիրավորված զգացումներուն, կանգնած ավերակներուն դիմաց՝ իր ստրկացած մարդու նսեմ աչքերը պտտցնելով քանդված տուներուն վրա, ուր այնքան մարդիկ են մեռել, փախստական մարդը, ապրելու, միմիայն ապրելու երջանկութենեն տարված՝ կկրկնե.
- Մարդուս հոգին ինչքա՜ն անուշ է եղեր…:
Ինչպես գրեթե բոլոր արկածյալները, ինքն ալ միմիայն իր անհատական կյանքով կզբաղեցնե մեզի, կհամառի պատմել, թե ինչպես օրերով անոթի մնացեր է ու այն ատեն միայն ելել է իր թաքստոցեն, երբ արդեն գերեզմանային լռություն կտիրեր ամեն կողմ:
- «Միսիսի մեջ հայ չէր մնացեր… բացի մեկ քանի երկաթագործներե, որոնք մահմեդական դարձուցեր ու պահեր էին իրենց մոտ, որովհետև ուրիշ երկաթագործ չի կա հոս…»:
Գիշերվան ստվերը սկսած է մթնցնել մթնոլորտը, երբ կհասնինք հայ թաղերուն մեջ. չարագուշակ և խանձված ավերակները կցցվին ամեն կողմ. զգուշավորությամբ կառաջանանք մերիններուն աճյուններովը նվիրական դարձած հողին վրա… որովհետև Միսիսի ավերակները միևնույն ատեն գերեզմաններն են մեր նահատակվածներուն. մարդկային ոսկորներու բեկորներ մեր ուշադրությունը սևեռել կուտան ու կզգուշանանք իրարու նայելու՝ մեր աչքերեն սարսափելով:
Ցավեն քարացած, անկարող՝ նույնիսկ արտասվելու, կմոտիկնանք յուրաքանչյուր առարկային. խանձված ցնցոտիներու կտորներ, կոնծած ֆես մը, ընտանի առարկայի բեկոր մը տաժանելի էվոքասիոներ