ընել կուտան մեզի. որքա՞ն օջախներ քանդված են, ի՞նչ հույսեր ու երազներ, ինչքա՜ն լավագույն կյանքի ծրագիրներ ամեն մեկ ափ մոխիրի մեջ մահացած են:
- Այս տան մեջ 60 հոգիի չափ մարդ այրած է…:
Վաթսուն հոգի՞… ի՞նչ գումար տենչանքներու, ձգտումներու, վիշտերու ու տանջանքի… և ցցված պատերն ի վեր կնայինք, կարծես հուսալով նշմարել այն հուսահատական ոգորումները, վերջին գա լարումները, բոլոր ճգնաժամային տառապանքն այդ ցավագին մարդկության: Գլուխս կբարձրցնեմ ու կնայիմ երկնքին, կնայիմ լեռներուն, կնայիմ անկարեկիր ու գեղեցիկ բնության, - ու մեր գիտակ ցությանը գրեթե անծանոթ, անսահմանելի, բնազդային տառապանքե մը բռնած՝ կուզեմ բոլոր հոգիս աղաղակել, որովհետև այդ թափված արյունին ցավը մեր երակներուն մեջ ալ է:
Հիմարացած, խելակորույս՝ կթափառինք ավերակներուն մեջ.տղու կոշիկ մը այրած տան մը շեմին մոտ մեզ կդղրդե ավելի մտերիմ հուզմունքով, ո՞ր փախստական մանկիկին ոտքեն ինկած է, ո՞ր ա վերակին մեջ մոխրացած է այդ ոտքը, որ կկրեր զայն… փոքրիկ կոշիկ մը…երբեք կարելի չէ երևակայել այն ողորմելի, այն փղձկեցնող պատկերը, որ կրնա ներկայացնել անիկա, կրունկը քիչ մը ծռած ու ծայրը դարձած, մեզի կներկայացնե ոտքին կաղապարը դժբախտ մանկիկին… ամբողջ տղու կմախք մըն է կարծես:
Մութը հետզհետե կսաստկանա. ուրվականներու պես ավերակներու պատերը կարծես կշարժին իրենց ստվերներուն մեջ. գետինը՝ այրված ոսկորներու փոշիեն ճերմկորակ լույս մը կարտացոլա… տեղ-տեղ միայն կազմելով սև արատներ, լճացած արյունի հետքեր,որոնք դեռ կմնան անջնջելի:
- Արյան հետքը չանցնիր, - կըսե մեր առաջնորդող մարդը՝ բացատրելով. տեղեր կան, որ նույնիսկ մոխիրը խոնավ կթվի, այնքա՜ն արյունն առատորեն ժայթքած է ու արատը խոշոր ու սև կտարածվի որոշ կերպով:
Անդին ֆեսեր, պատառոտուն հագուստներ մեր ուշադրությունը կգրավեն… հարյուրավոր մարդիկ մեռեր են այդ տեղին վրա… փեռեկտված գիրքի թերթեր կես մը այրած, կես մը արյունոտ կպտուտքեն