պատկերի մը տեղի տալով: Հաճախ եկան այդ շրթունքները գերգրգռված երևակայությանս մեջ. ի՞նչ բառեր կային այդ շրթունքներուն վրա. իմ հիվանդագին հետաքրքրությունս իզուր ձգտեցավ մի առ մի լսել վանկերն այդ արյունոտ և ծամածռած ու սևցած շրթունքներուն. ի՞նչ փույթ սակայն. որովհետև անոնց դառն իմաստն իմ ցավիս մեջ էր ու իմանալի` իմ բնազդիս:
Լույսը ծագելուն` սայլը պատրաստված էր ու հարկ եղավ ճամփա ելլել դեպի Սիս. վերջին պահուն մեր հայ առաջնորդը մոտեցավ մեզի և առաջարկեց երթալ այցելել նաև եկեղեցին, ուր մեծ թվով մարդիկ այրած էին:
-Բոցերեն հալածված ու մոխրեն կուրացած մարդիկ փախչելու հուսահատության մեջ մագլցեր են պատերն ի վեր. իրենց արյունոտած ձեռքերուն հետքերը կան դրոշմված ավերակներուն վրա. երբեմն միսիսցի կիներ կուգան կնային այդ արյունի արատներուն և իրենց սիրականներուն հետքերը փնտրելով` կուլան անոնց վրա… շատեր հիմարացա՜ծ ցավեն` պատերը կհամբուրեն ջերմեռանդությամբ ու կխաչակնքեն այդ նշխարներուն առաջք:
Հակառակ մեր բուռն փափագին, կստիպվինք վերադարձին պահել այդ այցելությունը և ուշ չմնալու համար` անմիջապես ճամփա կելլենք:
Ընդարձակ դաշտեր, եզերված լեռներու շղթայով մը, գրեթե միշտ կկազմեին մեր հեռանկարները: Իրարու ետևե կանգնած գագաթները` իրենց հեռավորության աստիճանով, կներկայացնեն բոլոր ե րանգները` կապուտակ, մանիշակագույն, հաճելիորեն ներդաշնակված հարավային երկնքին շողշողուն և լուսավառ կապույտին հետ:Ճերմակ ամպեր նազանքով կսավառնին լեռներու վրա:
Ժամեր ու ժամեր տեսարանը միօրինակ է. երբեմն միայն մոտավոր գյուղակ մը` հյուղակներով կազմված, մեր ուշադրությունը կգրավե.եղեգնի ձողերով կազմված ու խոտով շինված այդ խրճիթները ծայրահեղ թշվառության պատկերներ են.մարդ չերևար.հեռուեն ամայացած կթվին. կառապանին կհարցնենք.
-Արդյոք հայո՞ւ խրճիթներ են:
Հեգնանքով ու չարագուշակ քրքիջով մը կխնդա մեր միամտության