անցյալը, բառերը ու դեպքերը կշփոթվին ու մենք անձնատուր կըլլանք բոլորովին նորատեսակ արբեցության մը:
Քանի մը րոպե ևս, և ահա կցցվին երկու հսկայական սյուները, մնացորդ՝ անցյալ փառքերու… հոն է նաև վանքն իր այլևայլ բաժիններով տարածված բերդին պարիսպներուն ետին․ մոտալուտ գիշերվան ստվերապատ մթնոլորտին մեջ սև և սեպ կցցվի մեր աչքերուն առաջք ժայռոտ լեռը, որուն կողերուն վրա շինված է վանքը և որուն գագաթին վրա պիտի գտնանք Լևոնի Բերդը, արծիվներու բնակարան: Հետզհետե մեր աչքերը կորոշեն նաև մայրաքաղաքի եկեղեցին, բոլորովին նման միջնադարյան դղյակի մը, իր հնամենի տեսքով, բարձր կանգնած և ճակատը դարձուցած քաղաքին:
Այն քանի մը օրերը, որ անցուցինք Սիսի մայրավանքին մեջ, անմոռանալի օրեր եղան մեզի համար, քաղաքացիները դարպասը կուգային տեսակցելու և խորհրդակցելու մեզի հետ իրենց հոգերուն, ցավերուն, բայց մանավանդ կրթական գործերուն վրա. հանկարծ խոսակցությունը կշեղեր, կհիշեին հարձակումի տխուր օրերը և մենք ալ իրենց հետ ուժգին հուզումով մը կապրեինք այն ժամերը, որոնց մասին կպատմեին:
Բայց որքա՜ն հպարտանալու պատճառ ունեինք. Սիս քաղաքը, խոհեմ, իմաստուն, և քաջարի վճռականությունով մը ինքզինքը պաշտպանել էր թշնամիին դեմ. հազարներով եկեր էին պաշարելու զիրենք, աչքերնին վառած թալանի ու կողոպուտի հրայրքեն և բերաններնին լեցուն հայհոյություններով և սպառնալիքներով:
Օրերով և օրերով խաղաղասեր և ընդհանրապես երկրագործ քաղաքացին մեկ կողմ ձգած մշակության գործիքները, հրացանն ուսին պատրաստ կեցեր էր ինքնապաշտպանության պատնեշին վրա. և անսալով իրենց քրիստոնեական ոգիով թրծված առաջնորդներու հորդորներուն, ոչ միայն հախուռն և հարձակողական դիրք չէին բռներ, այլ նաև խնայեր էին թշնամիին ու «ոչ մեկ գնդակ առանց բանավոր պատճառի չէր արձակված» իրենց կողմե:
Կիները և տղաքն ապաստան գտեր էին վանքին մեջ այդ օրերուն, երբ վարդապետներուն վրայեն ավելի վառոդի հոտ կուգար, քան թե խունկի և անոնց բերնեն կլսվեր փոխանակ աղոթքի և համակերպումի հրավիրող հորդորներու, խրախույս և քաջություն: