Ու ամենքը, նույնիսկ պատանիներ ու ծերունիներ խանդավառ և հայրենի քաղաքին պաշտպանությանը հոգովը ջերմեռանդ ուրախությունով կդիմեին որոշված դիրքերը… ու վերջապես այդ միահոգի և արիական դիմադրութենեն հուսահատած՝ թշնամին, հետզհետե հեռացեր ու անհետացեր էր քաղաքին շրջապատին, տեղացիները երախտապարտությունով կհիշեին այն ժամանակին Սիս պաշտոն ունեցող կառավարիչը, որն իր տրամադրած ուժերով մասնակցեր էր քաղաքին պաշտպանության:
Ինչչա՛փ երջանիկ, ինչչափ խաղաղ էր մեր հոգին այդ մեկ քանի օրերուն մեջ. ամեն բան և ամեն անձ տոգորված էին հոս այն սքանչելի պարզությամբ, որ մեծերու հատուկ վայելչություն մըն է. շրջապատված՝ ազնիվ և մեծահոգի հայրենակիցներով և պատմական բեկորներով մեզի կարելի եղավ ապրիլ անցյալին նվիրական երազներուն մեջ. ու որքան ալ արցունքով օծված ըլլային այդ երազները, անհունապես քաղցր էին մեր մղձավանջներով լեցուն հոգիներուն համար:
Վեհարանը խաչաձև սրահ մը՝ օթոման ոճով շինված Կիրակոս Կաթողիկոսի օրով, կգտնվի վանքին վերև ավելի բարձր հաստատված լեռան մը կողքին վրա: Հոն էր, որ կերթայինք օրվան մեջ քանիցս մտիկ ընելու Վեհափառին սքանչելի ձայնը. իր խոսքերը՝ առհասարակ ներշնչվածի խոսքեր էին, լեցուն բարձր բանաստեղծությամբ մը: Իր հեղինակությունը, գերազանց մարդու հասկացողությունը, ու թափանցողությունը հաճելի էին մեր գերգրգռված ու տանջված գլուխներուն. ու արցունքը, որ կուգար մեր կոպերուն վրա՝ կորուսած էր այն դառնությունը, որով թունավորված կզգայինք իր ներկայութենեն հեռու: Անիկա իր կորովի և արի հոգիովը մեզ կառաջնորդեր ամենեն խորը մեր ազգային տառապանքին, մեզ դեմ առ դեմ կբերեր մեր ցավին հետ, կուզեր, որ քաջությունն ունենայինք մեր դիմացը երկարող տաժանելի ու ցամաք ճամփուն նայելու, ազատագրված որևէ պատրանքի մեղկացնող մխիթարութենեն:
Սև վեղարին տակեն, որուն շուքը կիյնար մինչև ճերմկած մորուքին վրա, Վեհափառը կխոսեր մեզի համբերությամբ ու հեղինակությունով ու իր նայվածքը րոպե մը չէր դադրեր արտահայտելու այն