անմխիթարելի վիշտը, որով աչքերը իր համակված էին և ուր բաց գիրքի մը պես կարելի էր կարդալ Կիլիկիան իր ցավերով, իր ավերակներով ու նաև իր մարտնչող և հերոսական շարժումներով:
Երբեմն ալ կխոսեինք երեկին վրա, երբ նոր սուգովը չէր մրոտած իր ժողովուրդը. անդառնալի օրեր…:
Կպատմեր իր երազները երկրին տնտեսական դրության, բարգավաճման, վանքապատկան հողերու և այգիներու շինության, Թլան ագարակին, հոտաղներուն ու ջաղացքներուն վրա…: Ու նաև կրթական երազներուն, դպրոցներու հիմնարկության կամ բարձրացման, կիլիկեցի օժտված երիտասարդության առաջացմանը, աղջիկներու զարգացումին վրա…:
Ու բոլոր այս երազները, ինչպես կանխահաս ծաղիկներ, թառամած ու կորսված էին հավետ:
Ու իր լայն շարժումը, իր մեծահոգի մարդու դառնության շարժումը կարծես կգերեզմանե մեկ անգամեն բոլոր այդ խաղաղ և քաղաքակրթիչ իդեալները, որ կրցած են սավառնիլ այղ կղզիացած հայության վրա՝ հակառակ ճնշումներու, հակառակ բռնադատված ստրկության…:
Վեհափառեն հրաժեշտ առնելե ետք ամեն իրիկուն կհավաքվեինք Գյուտ վարդապետին աշխատության սենյակը, ու մեզի գաղափարակից միաբաններ կսպասեին և ուր երկարորեն կխոսեինք ու կվիճաբանեինք օրվան ամենեն բաբախուն խնդիրներու վրա: Կաթողիկոսական փոխանորդ՝ Ղևոնդ Ծ. վարդապետ Թուր Սարգիսյանի ճշմարիտ հավատացյալի ջինջ ոգին կճառագայթեր իր ամեն մեկ խոսքերուն մեջ. իր ձայնն օծված էր կարծես խունկով ու կնդրուկով. իր բարի ու ներողամիտ քրիստոնյայի խաղաղ բարյացակամ նայվածքը, իր շարժումներուն ներդաշնակությունը կամբողջացնեին Գյուտ վարդապետի եռանդուն արագաշարժությունը, սրամտությունն ու գրեթե մանկունակ ոգևորությունը:
Հոն էր նաև Ներսես վարդապետ Դանիելյան, Հաճնի տառապյալ առաջնորդը, իր մարտիրոսացածի նիհար և լուսացայտ դեմքով, իր Քրիստոսի նմանությունովն այնքան սրտագրավ. իր վերջին, զնդանե զնդան կրած չարչարանքներուն դրվագները կպատմեր հոգնած և