Այս էջը հաստատված է

ալ աշխարհի դեմ քենոտած մարդու դառնությամբ: Երբ կջանայինք զինքը խրախուսել, ինքը կհամառեր իր տխրության մեջ և իր քիչ մը շնչատ մարդու բեկբեկուն ձայնով կըսեր.

- Մարդասպաններու հետ քով-քովի ապրեցա օրերով, ձեոքերուս շղթա անցուցին ու ամենահասարակ ոճրագործի անարգանքներով Հաճնեն Էրզին տարին զիս…: Նախատեցին ինծի և թույլ տվին, որ իմ եղբայրներուս արյունով կարմրած ձեռքեր վիրավորեն ու խոշտանգեն զիս… երբ բոլոր այս բաները կապարված տեսա, աշխարհիս դեմ զզվանքս անչափ եղավ…: Սրտիս ճրագը մարած էր այլևս:

Մեր ամենեն սիրելի խոսակցության նյութը Հաճնն էր ընդհանրապես. ինչքան ջերմ եռանդով մը կփափագեինք երթալ դեպի այդ չքավոր այլ հերոսական հայությունը: Այլևայլ պարագաներ արգելք կըլլային մեզի, ու ևս առավել չհագեցած ծարավով մը՝ տեղեկություններ ու դրվագներ կհարցնեինք Ներսես վարդապետեն և ուրիշ միաբաններե:

Հաճն ոչ միայն ամենեն շատ զոհ տվող վայրը եղած է, որովհետև իր բոլոր երիտասարդներն աղետին օրերը կգտնվեին ցրված Կիլիկիո բոլոր կողմերը, այլ նաև իր անհավատալի պաշտպանությունով, իր վեհանձն ու մարտնչող ոգիովն ընդհանուր դժբախտության մեջ այն բացառիկ անկյուններեն մեկն է, որուն մեր ազգային հպարտությունը պետք ուներ կառչելու. Հաճնեն դուրս ալ արդեն ամեն տեղ հաճնցիներ մեծ դեր են խաղացեր: Հերոսաբար աղքատ, չարքաշ, վարժված լեռնական անընտել ու անհանգիստ կյանքի, արյունին մտրակած ձյունապատ լեռներու կողերեն փչող սառնաշունչ հովերեն, օժտված պողպատի պես ամուր ու չոր անդամներով, դյուրաշարժ, ճապուկ վտիտ, լավ որսորդ և հետևաբար լավ նշան առնող, հաճնցիները, հակառակ զրկված ըլլալնուն իրենց լավագույն եղբայրներուն բազուկեն, ըմբոստացեր էին թշնամի խուժանին արյունատենչ հարձակումներուն դեմ և մտադրեր են մեռնիլ ու չհանձնվիլ: Ու իրենց խնամքին տակ գտնված այրիներուն ու որբերուն պատիվն անբռնաբարելի մնացեր էր:

Այլ սակայն Հաճնեն դուրս մեռնող հաճնցիներուն թիվն այնքան մեծ է, որ սուգի թանձր ամպ մը կծածանի իրենց վրա, և տուն չկա, որ