այրի մը ու քանի մը որբ չունենա իր երդիքին ներքև:
Երբեմն անդարմանելի կորուստներու, սարսափելի չքավորության պատմություններեն տխրորեն օրորված մեր միտքերը հանկարծ կբոցավառեին հերոսական մաքառումի դրվագով մը: Ու պատմողին շրթունքներեն կախված, սրտատրոփ մտիկ կընեինք, երջանիկ ու երախտապարտ անոնց, որոնք թույլ տվին, որ մեր այս տաժանելի ճամփուն վրա երբեմն կարենայինք հպարտությամբ գլուխնիս բարձրցնել: Հաճախ հուզմունքն այնքան զորավոր էր, որ, հավասար սարսափելի և ճնշող պատմաթյուններու, առատորեն արցունք թափել կուտար մեզի…:
Մեր հասած օրը շաբաթ մըն էր. հետևյալ առտուն, կիրակի՝ ներկա եղանք պատարագին: Սիս քաղաքին մեծամասնությունը խռնված էր եկեղեցիին մեջ. զլուխնին ճերմակ լաչակով ծածկած կիներու բազմություն մը կերևար վերնատունեն ու գավիթեն. այրերը բաժնված անոնցմե՝ կլեցնեին մնացյալ մասը: Լևոնի գահը՝ կամ այդպես կարծեցյալ մարմարակերտ պատվանդանը նույնպես մարմարյա քանդակներով զարդարված ամպհովանիով կկանգներ դասին մեջ՝ մեծադիր խաչ մը գագաթին վրա: Ո՞ւր էր սակայն թագավորը, ո՞ւր էին իշխանները, ո՞ւր էին այն զորավարներն ու զինվորները, որոնք քանի մը անգամներ հուսահատութենե քաջացան նույն այս տեղերուն վրա, ուր թերևս դեռ իրենց փոշին կծածանի. եկան սրբազնանալու և ուժ առնելու այն խաչեն, որուն անունովը կկռվեին: Երիտասարդ աղջիկնե՜ր ու կինե՜ր… ո՞ւր են այն քաջարի բազուկները, որոնց բարձրացուցած սուրերուն շուքին տակ կյանքը կանցներ ապահով և քաղցր երջանկությունով մը պարուրած: Պատարագին ամբողջ տևողությանը միջոցին ջերմեռանդության սարսուռ մը կհուզեր բոլոր ներկաները. կիներն ու այրերը կրոնական արբեցութենե բռնված՝ անօրինակ եռանդով մը կերկրպագեին ու կխաչակնքեին այդ եկեղեցիին մեջ, որուն պատերը դեռ հին թագավորական մատուռին կպատկանին: Ես աչքերս հառած, երկարագլուխ արծվին՝ Կիլիկիո Տան խորհրդանշանին, որ կսավառնի խորանին վերև, ես կապրեի անցյալի երազներուն մեջ. ու պատրանքս այնքան զորավոր էր, որ դառն ու անագորույն իրականությանը՝ քանի մը ժամ օտար թվեցավ ինծի և խորշելի, չարագուշակ մղձավանջի մը պես: