Այս էջը հաստատված է

Նույն օրը կեսօրե ետքը բարձրացանք Լևոնի Բերդը:

Ո՞րն է երազը, ո՞րն է իրականությունը. միտքս կվարանի կանգ առնել ու բոլոր զգայնություններս շփոթված են մինչ տաժանքով կբարձրնանք սեպ լեռան կողն ի վեր…:

Ահավասիկ մեր անցյալը՝ հսկայական գերեզման, որ կանգնած է ավելի բարձր, քան մեր ամենուս միացած կյանքերուն տափակությունն ու միջակությունը… Ու մինչ մենք հազվադեպ առիթներու մեջ սողալով կհասնինք դեպի ան, ինքն անմատչելի կթվի և կարծես մեր ստրուկի ներբանները երբեք չպիտի կոխեն իր նվիրական հողին վրա…

Մոռնա՛լ անցյալը, ի՜նչ ոսկեզօծ ստություն… սպանել զայն մեր հիշողության բջիջներուն մեջ, երբ մեր ծնած ատենը մեզի հետ կբերենք զայն… անկարելի, անկարելի բան է ատ. ո՛չ մեկ ատեն չեն հաջողած թումբ կանգնեցնել բնության անթափանցելի և իմաստուն տրամադրությանցը դեմ…: Աշխարհիս բոլոր բռնապետները միացած անկարող են մարդկային կամքին անբռնաբարելի և անշոշափելի զորության դեմ: Արյունն իր առանձին օրենքներն ունի, որուն իշխանութենեն չենք կարող ազատիլ, ի՞նչ դաշինք և ի՞նչ համարձակություն կրնար մեզի մոռցնել տալ անցյալը, երբ անիկա կապրի մեր արյունին ամեն մեկ կաթիլին մեջ: Քնացնել, ու օրորել զայն իր բնական ձգտումներուն օտար երազներով, ահա ինչ որ կհաջայինք առաջ բերել ժամանակի մը համար…:

Քարե-քար, ապառաժե-ապառաժ կմագլցինք դեպի Լևոնի Բերդը, որ տարածված կերկարի լեռան գագաթին ամբողջ ընդարձակությանը վրա: Սև ու խոշոր թռչուններ՝ առանց թևերնին շարժելու կսավառնին ու կկորսվին ամպերուն մեջ: Ավերակները տեղ-տեղ քանդված՝ սև ու խորհրդավոր փոսեր կներկայացնեն, մինչ ուրիշ մասեր կկանգնին գրեթե անկեղծ իրենց վայրենի ճարտարապետության բոլոր խրոխտ գեղեցկությունովը:

Դեպի վե՜ր, դեպի վե՛ր… սև թռչուններն ավելի բարձր կխոյանան. ու բերդը կբարձրանա կարծես, կձգտի դեպի ամպերը, որ սպառնագին կուտակված են իր ժանյակավոր պարիսպներուն վերև…: Մեր ուխտագնացությունը որքան հետզհետե տաժանելի, այնքան նպատակին