կուրծքը. շալե գոտի մը մեջքը կգրկե ու կառաջանա մինչև փորին վրա. գլուխը դրած է կարմիր ֆես մը, որուն եզերքը զարդարված է մանրիկ ոսկիներու շարքով. լաչակը ֆեսին վրայեն անցնելով կծածկե քունքերը, կուգա մինչև կզակը ու վերադառնալով կկապվի գլխուն վրա:
Հակառակ իր մեծ հեղինակությանը, որ հայտնի կերևա թե՛ իր կեցվածքին և թե՛ իր նայվածքին մեջ, որով կնայի ավելի երիտասարդ կիներու վրա, անիկա լուռ կմնա, կարծես՝ շրթունքները կապված ըլլային լաչակին պինդ կապովը:
Մեզ կհյուրասիրեն խահվեով, ձմերուկով և օշարակով: Բոլոր այս միջոցին ստիպված ենք խմել և ուտել այնպիսի հանդիսավոր և սառնային լռության մը մեջ, որ անհանգիստ կզգանք ինքզինքնիս և մեր շարժումներուն մեջ զգուշավոր: Բազմաթիվ զույգ աչքեր միամիտ հետաքրքրությունով մը կհետևին մեր շարժուձևին, ու հազիվ թե վերջին կաթիլը դեո մեր շրթունքներուն վրա՝ քանի մը նորատի օրիորդներ անակնկալ դյուրաշարժությամբ մը մեր դեմը կոստնուն, կհափշտակեն գավաթներն ու կաներևութանան: Եվ ահա դարձյալ տանտերը, տանտիրուհին և բոլոր երեց անդամներն ընտանիքին՝ մեկիկ-մեկիկ կմոտենան, ձեռքերնին կերկարեն ու շրթունքնուն և գլուխնուն տանելով, կմրմնջեն.
-Անուշ հրամմեցիք…:
Բոլոր այս ձևակերպությունները, որ կկատարեն արարողության մը պես, կրնային ծիծաղելի թվիլ մեզի, բայց ընդհակառակը, գորովանքով կլեցվինք ու խորապես կզգացվինք. ավերված, հրդեհված ու ջարդված Կիլիկիո մեջ, կորսված գյուղի մը անկյունը կզգանք այն բնազդական կամքը, որով ափ մը հայեր կուզեն տոհմային ավանդությունները պահպանել: Այս ալ ինքնապաշտպանության ձև մը չէ՜՞ միթե. ու ակամա մեր մեջ ալ այդ բնազդը կարթնանա հավասար ուժգնությամբ, ու մենք ալ մեր հյուրասիրվածի դերը կկատարենք լրջությամբ ու պատկառանքով:
Քիչ հետո կուգան ուրիշ գյուղացիներ. տեղին վարժապետը, որ այրիներուն և որբերուն ցանկը կբերե. ավելի վարժ ըլլալով հայերեն խոսելու, մանրամասնություններ կպատմե, կշեշտե Ճին Թորոսի հերոսական