Այս էջը հաստատված է

Տունը, ուր իջևանած էինք Ղարս-Բազարի մեջ՝ նահապետական տուն մըն էր. տանը անդամները 25-30 հոգի էին, իսկ տղաքը բազմաթիվ: Ավանդական կարգապահություն մը կկառավարեր բոլոր այդ բազմությունը, հակառակ որ այժմ ընտանեկան կարգ ու սարքը խանգարված ըլլար, արտակարգ դեպքերու հետևանքով և նաև այն պատճառով, որ շատ մը արկածյալներ եկած ապաստանած են հոն: Ամեն բան պարզ, տարրական ու գեղջկական էր. այն սենյակը - ա մենեն գեղեցիկը - ուր մենք հյուրասիրված էինք' գրեթե մերկ էր և մեր աչքերուն առաջք է, որ փռեցին գորգերը ու բազմոցները. շարք մը նույն կարգի սենյակներ կային քով քովի, որոնց ամենն ալ կբացվեին փայտաշեն ընդարձակ պատշգամբի մը վրա, որը բոլորովին բացօթյա պիտի համարվեր, եթե ձեղունով մը ծածկված չըլլար: Դիմացն ընդարձակ պարտեզ էր, իր նոր հերկված հողերով ու բանջարանոցով: Տեղ-տեղ պտղատու ծառեր իրենց ցանցառ հովանին կտարածեին: Տաքությունը հեղձուցիչ էր առհասարակ, մժեղները համառորեն կուգային մեր գլխուն ու մեր ձեռքերուն շուրջը ու բզզալով կդառնային մինչև որ տեղավորվեին: Բոլոր ընտանիքը, օրվան բոլոր ժամերուն, բացօթյա կապրեր. սա է պատճառը, որ սենյակը բնակված ըլլալու երևույթը չուներ: Պարտեզին մեկ անկյանը բազմահարկ չար տաքը բարձրացած էր որքան կարելի է վեր և ննջարանի կծառայեր ամենուն. ու գիտեինք, որ գիշերը մենք ալ հոն պիտի անցնեինք:

Հիմակ այս ժամուն շրջապատված էինք բոլոր այն երիտասարդներով, որ աղետի օրերուն կռվեցան. իրենց մեջ մինչև անգամ տարեցներ, հասուն տարիքով մարդիկ' գրեթե ծերունիներ, խոհո՜ւն, մռայլ, մտածկոտ, հողի աշխատությունով կոշկոռացած ձեռքերնին ծունկերնուն վրա, ծալլապատիկ նստած էին մեր դիմացը ու մեծ չափավորությունով մը կխոսեին դեպքին մանրամասնություններուն վրա: Միշտ գետնին վրա հակած մարդու կորացած ուսերնին անսահման խոնարհության դրոշմ մը կդներ իրենց վրա. աչքերնին միայն, քաղցր ու ներողամիտ նայվածքով աչքեր, սև ու լույսով լեցուն' կշողային արևեն ու հովեն սևցած դեմքերնուն վրա. ու այդ աչքերում մեջ, որոնց լույսն ընտանի էր մեր նայվածքին, կգտնայինք անփոփոխ կերպով խաղաղության տենչանքը և ազատ ու արժանավոր կյանքի մոլեռանդությունը: