Այս էջը հաստատված է

դրած էր անգույն գտակ մը ու ճերմակ փաթթոց մը կբոլորեր անոր շուրջը: ճերմակ ու ցանցառ մորուքը կիջնար քունքերեն մինչև ծնոտը ու կփռվեր կուրծքին վրա… աչքերը ծածկված ճերմկորակ և աղոտ քողով մը` կարծես այլևս չէին տեսնար ու երբ կհանգչեին մեկու մը կամ առարկայի մը վրա, կարծես թե իրենց տրտմությունը կդրոշմեին հոն… Մաշված էնթարի մը կծածկեր իր չոր անդամները, որոնց անկյունավոր և վտիտ գիծերը կկաղապարվեին կաղապարներին փեշերուն մեջ. ավելի մաշված և գունատ խրխա մը կծածկեր իր ուսերը և կհետևեր իր կոր քամակին: Բարակ և մերկ սրունքները կվերջանային ահագին ոտքերով, որոնք տրեխներ կկրեին. ու ձեռքերը, սևցած, չորցած, հին մագաղաթի պես կարծր մորթով ծածկված` հողեն նոր խլված արմատներու կնմանեին:

Քիչ հետո ամենքն ալ մոռցան ծերունիին ներկայությունն ու կխոսեին իրենց մշտնջենական տերտին վրա: Բաց դռնեն կիները միշտ իրարու վրա դիզված`մտիկ կընեին մեզի. անոնց թիվը շատցած էր, որովհետև նույն տանը մեջ ապաստանող այրիներ ու որբուհիներ եկած միացած էին իրենց, ու նայվածքս հաճախ կհանդիպեր թշվառութենեն ցամքած, մազե զուրկ կնոջական գլխու մը` որուն անձկագին և պաղատագին նայվածքը կառչած էր ինծի…:

Ներկաներեն ամենքն ալ գանգատներ ու պահանջքներ ունին. տուներնին այրա՜ծ, ինչքերնին թալանվա՜ծ, ագարակներնին քանդված… «Օ՜ֆ… օ՜ֆ… տարիներե, տարիներե ի վեր աշխատած էինք, հայրս այդ հողին վրա ծռած`աչքերը գոցած էր, ամենուս ճակտին քրտինքը թափած էր հոն ու քանդեցի՜ն, ավերեցի՜ն, մեկ օրվան մեջ խարապ ըրին ամեն բան…»:

- Ակռաներնիս սեղմեցինք, քանի մեր գլխուն զարկին` այնքան ավելի խոնարհեցանք, - շարունակեց ուրիշ մը, - լեզունիս, ազգություննիս ուրացանք, բերաննուս կտրեցինք իրենց տվինք, զավակներնիս իրենց հախեն զրկեցինք` անոնց քեֆը տեղը տարի՜նք… աս ալ պո՜չ, ամեն բան պո՜չ…:

- Աս ապերախտ հողին վրա տված էմեկս` ապառաժներու տայի, կբեղմնավորվեին, ծերությանս հանգիստ պատառ մը հաց կունենայի ու խաղաղության մեջ կմեռնեի… ամբողջ կյանքիս մեջ օր մը