գլուխս չկրցա վեր հանել, աչքերս երկինքին դարձնել ու փառք տա՜լ… տատեցա տատեցա… ու մեկ օրվան մեջ ամեն բան փչացավ, ամեն բան մաֆ է՜…:
Տարեց մարդ մըն էր ատ ըսողը, իր ժոռատ բերանը կարմրած կմնար ու սրտին ցավը չկրնալով ամբողջովին արտահայտել` երկու ձեռքերը գլխուն կզարներ ու ջղաձգորեն գալարված՝ կնկան պես սկսավ արտասվել: Արցունքը նախ տաժանքով կժայթքեր աչքերեն. կաթիլները կմնային կոպերուն վրա, ծանր ու խոշոր կաթիլներ, ու դանդաղությամբ կիջնային այտերեն ի վար: Իր հուսահատությունն այնքան բացարձակ ու մեծ էր, որ ամենքն ալ մոռնալով իրենց իսկ ցավը, կնայեին իրեն ու կմխիթարեին զայն.
-Թիրոս էմմի', քու տերտ մինակ քուկդ չէ, ամենուս գլուխներն ալ վառած են, քեզի՞ ով հացի կարոտ կձգե՜… Թիրոս էմմի, ավելի դժբախտներուն նայե ու մխիթարվե`, մալին ցավն ի՞նչ է… կտրիճ զավակներդ միտքդ բեր, արցունքդ անոնց համար պահե…:
Մեկն ականջս ի վար մրմնջեց.
- Թիրոս էմմի մարաշցի է… հոնտեղի դեպքին իր չորս զավակները գոհ գացած են, 14 տարի առաջ:
Այս խոսքերուն վրա ծերունիին վիշտը կակաղցուվ ու արցունքը դյուրությամբ ու առատությամբ սկսավ իջնալ այտերն ի վար… երբեմն-երբեմն հեծկլտանքի սարսուռ մը կցնցեր իր ջղաձգված անդամները…
- Օ՜ֆ… օ՜ֆ…
Ուրիշ բան չէին կարող ըսել, ամենուն դեմքերը հոգի և ցավի արտահայտություններով ծամածռած էին. միայն հարյուրամյա ծերունին անայլայլ ու անշարժ կմնար և խոր լռություն մը կպահեր, երբեմն-երբեմն միայն իր անգույն և թառամած շրթունքը կկծկեին ու մորուքը կդողար կուրծքին վրա… Կլսե՞ր պատմվածները, հասկցա՞ծ էր, թե ինչ նոր բան պատահած է, թե պարզապես իր անդամալուծված ուղեղին մեջ հնամենի դեպքերու հիշողություններ աղոտ կերպով կարթննային, ու կջանար մտքովն անոնց հետևիլ:
Հետզհետե սակայն խոսակցությունն իր ձգտված և ցավագին հանգամանքը կկորսնցներ. կխոսեին բանտարկյալներու վրա, կխոսեին