Այս էջը հաստատված է

ուրիշ տեղ պատահած զարհուրելի դեպքերու վրա, ու հետո, որովհետև կյանքն իր անբռնաբարելի պահանջքներն ունի՝ կխոսեին ապագային վրա…: Կառավարությունը խոստացած է վնասված տուներուն հատուցում ընել. ճի՞շտ է. չէին կարող հավատալ. շատերը հոռետես էին, վեճի կբռնվեին լավատեսներուն հետ: Երկար ատեն կխոսեին ու կվիճաբանեին, մանրամասնություններ մեջ կբերեին, հաշիվներ կընեին. մեծամասնությունը համակերպած էր իր ունեցածին մնացած բեկորներուն վրա նոր կյանք մը ստեղծելու… վերածնիլ ու շարունակել ապրիլ. այդ կոշկոռացած ու ձևափոխված ձեռքերուն մեջ մասնավոր կամք մը կար: Քանի մը տարիեն նորեն այգիները պիտի պտղաբերեն, արտերը պիտի ծածկվին լեցուն և ոսկեգույն հասկերով, ու ոճիրով պարպված տուները պիտի լեցվին մանկական աղաղակներով…: Անջնջելի ու տառապագին ցեղը պիտի ապրի՝ հակառակ ամեն բանի և հակառակ բոլոր ոճրապարտ ըղձանքներուն…:

Թիրոս էմմիի արցունքը դադրած էր, ու դեռ թաց թարթիչներուն մեջեն շահագրգռված՝ կնայեր իր դրացիներուն ու ինքն ալ կարծես բաղձալով իր բաժինը բերել այդ վերածնունդի ջանքին մեջ՝ խորհուրդներ կուտար համր, բեկբեկ և իմաստուն բառերով…:

- Շինությունները շուտով կսկսին… եթե նույնիսկ կառավարությունը ձեռք չտա մեզի՝ հինգ տարիեն առջի վիճակնիս կգտնանք…: Աստված մե՜ծ է…: Գացողներուն տեղն է, որ պարապ կմնա միայն…

- Անոնց տեղն ալ պարապ չի մնար. մեր կիները մեր հողին պես բեղմնավոր և առողջ են…:

Ու ահա ինքնավստահության ժպիտ մը կլուսավորեր ամենեն մռայլներն անգամ…:

Բայց նույն միջոցին իսկ մեր ուշադրությունը դարձավ դեպի հարյուրամյա ծերունին. մեծ դժվարությամբ ոտքի կեցած էր և իր վտիտ սրունքներուն վրա ամբողջ մարմինը կդողդոջեր. գավազանը չգտնալով անմիջապես, իր երկու թևերը երկարեց հավասարակշռությունը պահելու համար. աղոտ բիբերը դուրս ցցված, շրթունքը ծամածռած, մորուքը դողդողալեն սկսավ խոսիլ այնպիսի ձայնով մը, որ կարծես դարերու խորեն կուգար…

- Աստված երկար կյանք շնորհեց ինծի, չեմ գիտեր թե անե՞ծք մը,