Այս էջը հաստատված է

Երեսը ծածկած ծունկերուս, անիկա երկար ատեն արտասվեց. իր վտիտ քամակն ամեն մեկ հեծկլտանքին կբարձրնար ու կիջնար. ցանցառ անգույն մազերը տարածված էին գիրկիս մեջ ու երկու ջղաձգված նիհար ձեռքեր կառչած էին շրջազգեստի ծալքերուն:

Ցավի ու գանգատի անվերջ հաջորդականություն մըն էր, որ անոր դողդոջուն շրթունքները կթոթովեին. ու այն աստիճանի ուժգնություն կար արտահայտության մեջ, որ կգիտակցեի, թե այդ խոնարհ կնոջ միջոցավ կընդունեի անցամաքելի ու անհատակ վիշտով մը վիրավորված և տառապած ցեղի մը կանացիության հավաքական տերտը:

Մյուս կիները քարացած իրենց դիրքերում մեջ, ենթարկված ցավին հաղորդակցության, նույնպես լռելյայն կարտասվեին: Երբեմն սրտագին հառաչանք մը կսլանար այդ հեծեծող կուրծքերեն ու կրկին հուզումնալի լռության մը մեջ միմիայն ինծի կառչած կնոջը բարձրաձայն ու բողոքալի հեծկլտանքները կլսվեին:

Երկա՜ր, տաժանելի՜ րոպեներ կանցնեին այսպես: Մանուկներն իրենց մորը փակած, վաղահաս լրջությամբ մը ականատես կըլլային ցավի այս արտահայտության. իրենք ալ դղրդված էին անգիտակից հուզումով.- ճակատնին խորշոմած էր իրենց տարիքին անհամեմատ կերպով. աչքերու խորեն կդիտեին անոնք մեր օտարականի երևույթը սրտմտությունով և գրեթե ատելությամբ, իբր թե մեր ներկայության արդյունքն ըլլար այդ երևան եկած ցավը:

Ես ու ընկերուհիս իրարու երես կնայեինք ու մեկզմեկու տժգունության մեջ մեր վերջին ուժերը կկորսնցնեինք. ոչ մեկ մխիթարող բառ, ոչ մեկ վստահություն ներշնչող վանկ չէր գար մեր ցամքած շրթունքներուն. ամենեն տգետներեն ավելի անճարակ ու համր դարձեր էինք, մեր մեծ ճիգով պահպանած առերևույթ հանդարտության տակ մոտալուտ փոթորիկ կար ու վհատություն, ու արցո՜ւնք:

Ինչո՞ւ եկեր էինք իրենց մոտ, ի՞նչ ունեինք իրենց տալու, ծովածավալ թշվառության, այդ բարոյական և անսահման պահանջքներուն փոխարեն. ի՞նչ ամոքող ապահովություն կրնայինք ընծայել իրենց:

Օտարները ժպիտով ու երգով ու նաև լեցուն ձեռքերով կմոտենային արկածյալներուն, մենք միմիայն արցունքով… ու մեր խոժոռադեմ