Այդ միջոցին՝ մեզ շրջապատող կիները կարծես խուսափելով բողոքող կնոջը չարաբաստիկ խոսքերեն, մեկիկ-մեկիկ հեռացան՝ քողերնուն ծայրով աչքերնին սրբելով: Ու մինչ երկար ատեն ծունկիս գլուխը դրած հեք կինը կգանգատեր ու կարտասվեր, դուրսեն կնոջական կուրծքե ելած երկար հառաչանք մը արձագանք կուտար անոր:
Արևը դեռ մարը չմտած, շտապեցինք երթալ ավերակները տեսնելու. կիները տունը մնացին ու միայն այրեր հետևեցան մեզի, շատերը տանուտեր էին և ջղաձգված շարժումով մը կցուցնեին իրենց տանին ավերակները: Չորս խանձած պատեր… տեղ-տեղ պատերն ալ կփլեին և օջախը կկանգներ մերկ և կմախքացած՝ չարագուշակ տպավորություն առաջ բերելով. կային նաև այրած տուներու մեջ կիսավարտ շենքեր, որոնց տերերը մեզի կբացականչեին.
- Աշխատեցանք ու չկերանք, տան տեր ու ընտանիքի հայր դառնալ տենչացինք… տարիներով զրկանքի ու կարոտության կյանքով ապրեցանք, ու հազիվ թե մեր նպատակին պիտի հասնեինք, ամեն բան ջնջվեցավ… մաֆ եղավ…:
Հետզհետե ամեն կողմերեն արկածյալներ եկան միացան մեզի. այլևս ստվար թափոր մը կար մեր ետևը… գլուխները կախ, սիրտերն այրած, ձեռքերը պարապ, տխուր, քստմնելի պատկեր մը կներկայացնեինք: Մեր մեջ կար նաև գյուղին քահանան, փոշոտած և մաշած վերարկուով, գունաթափ գլխանոցով… ու այդպես կերթայինք մարած օջախներուն, քանդված տուներուն առաջքեն, ոտքերնիս մխրճված թանձր մոխիրի մեջ և սիրտերնիս լեցուն դառնությունով և տխրությունով:
Մեր վրա երկինքը հրաշեկ կարմրությամբ մը կկամարանար ավերակներու մեջ ցցուն կետերը կստանային այդ բոցեղեն ճառագայթները և մեղմորեն կարտացոլային մինչև կապտորակ և տմույն անկյունները, մոխիրներն անգամ մեր ոտքերուն ներքև վարդագույն երանգով մը կենդանություն կստանային: Ու մինչ հեռվեն թուրք հանդարտ թաղերեն մուեզինին երգը կբարձրանար, ու մարդիկ իրենց տուները իրենց ընտանիքին և զավակներուն քով կդառնային, ասդին մեր արտակարգ թափորը, անտուններու, թշվառացածներու և սգավորներու թափորը կշարունակեր դեգերիլ ավերակներուն մեջ: