Ուշ ատեն հասանք դպրոց. մեր անցած ատեն քնացած շուները կարթննային և մեր եղերական գնացքեն անհանգիստ, կզակնին բացած, վիզերնին ձգած դեպի երկինք՝ կկաղկանձեին երկարորեն:
Դպրոցը քառանկյուն փայտաշեն հաստատություն մըն էր, բարձրացած գրեթե երկու մետր քարուկիր գետնահարկի մը վրա: Երբ հարձակեր էին Ղարս-Բազարին վրա, դպրոցի շինությունը դեռ չէր ավարտված. այլ սակայն տեղին բնակչությունը հոն հավաքվեր էր ինքնապաշտպանություն ընելու Ճին Թորոսի ղեկավարությամբ: Այն միջոցին շենքին մեջ կային պատսպարված շատ մը ընտանիքներ, այրիներ, մեկ քանի որբեր, որոնցմե մեկը հիվանդ էր. հոն եղողներեն շատերը բարեկեցիկ ընտանիքի կպատկանեին, բայց ամեն բան կորսնցուցած էին և հիմակ տերն իր ծառային հետ, ագարակապետն իր հովվին և մշակին հետ կատարյալ հավասարության մեջ կգտնվեին. իրենց փոխադարձ հարաբերությունները պարզ և խոնարհ էին, և ոչ դառնություն կար մեկ կողմեն, ոչ ալ հոխորտանք մյուս կողմեն… Պզտիկ խեղճուկ ծրարներ դիզված իրարու վրա կնշանակեին յուրաքանչյուր ընտանիքին հատուկ անկյունը, բայց սրահին մեջ ամենքը խառը կգտնվեին և մեզի ներկայացան իբրև մեկ ընդարձակ ընտանիք… Շատ հուզված ու շատ վշտացած էին. բայց հետզհետե իմանալով ուրիշ վայրերու մեջ պատահած քստմնելի ոճիրները, իրենք ամոքված կզգային մասամբ: Կռվեր էին և ինքզինքնին պաշտպանել, հպարտությամբ ցույց կուտային իրենց երիտասարդներուն դիրք բռնած տեղերը, ինչպես նաև թշնամիին գնդակներուն հետքերը:
Շենքին քարուկիր մասը և գետնահարկը բոլորովին անաղարտ մնացեր էին, բայց փայտաշեն մասին վրա տեղեր կային, որ կատարելապես ծածկված էին: Շատեր, եվրոպացի ականատեսներ, ձեռնհաս անձինք հիացումով խոսեր էին առաջուց Ղարս-բազարցիներու ինքնապաշտպանության մեջ դրած ճարտարության մասին. ոմանք նույնիսկ հրաշք մը կնկատեին զայն: Ես այդ միջոցին, առանց կարենալ թափանցելու իրենց եռանդով բացատրած մանրամասնություններուն, կխորհեի, թե իրավամբ ի՜նչ դժխեմ ճակատագիր է մերը, որ մեզի թույլ չէ տված բոլոր այդ արի, ընդունակ և օժտված երիտասարդությունովը պարծենալու բարձրաձայն: