Առաջին անգամեն կարելի իսկ չէր գուշակել այդ գեղջուկներուն հոգեբանությունը, թեթև մը կորաքամակ, այրած դեմքով, խորշոմած ճակատով, երկայն բազուկներով, բայց կարճ և թանձր ձեռքերով մարդիկը կներկայանային մեզի իբրև պարզ մշակներ. այսպես ալ ծներ, այդպես ալ ապրեր էին, և հանկարծ, առաջին առիթին, արթնցել էր իրենց մեջ ցեղին ազնվական և արի երակը.
- Քանի որ պիտի մեռնինք, թող շան պես չմեռնինք…:
Այսպես մտադրած էինք, կըսեր մեզի շիկնոտ և տարեց գյուղացի մը, որուն աչքերուն մեջ կփայլատակեր արտակարգ հրայրք մը: Կեզրակացներ.
- Ու կտեսնեք, որ չմեռանք:
Կիներ բաժնվելով այրերեն, հավաքվեցան մեր շուրջը ու մեզ տարին աոանձին սենյակ մը: Չափազանց մտատանջ էին իրենց լսած դէպքերու մասին.
- Իրավ է, որ իսլամացած հայ կիները չեն ուզեր վերադառնալ:
Շփոթված՝ իրենց այս անակնկալ մտահոգութենեն, տարտամ պատասխաններ տվինք: Բայց անոնք կհետաքրքրվեին, կպնդեին.
- Ոչ ամենքը, ոմանք, կերևի դեռ սպառնալիքի տակ են, կվախնա՜ն…:
Գլուխնին կշարժեին ու կմերժեին այս երկդիմի բացատրությունները:
Հանկարծ, իրենցմե մեկը մեջտեղ եկավ և ձայնը բարձր, հստակ, գոչեց.
- Ղարս-բազարցի ոչ մեկ հայ կին թուրքի չերթար… միսերը կտրտեին՝ տեղեն չէր շարժեր… մեր կտրիճները տեսնողը իսլամի չերթար…:
Պահ մը լռեց. բազմաթիվ զույգ եռանդուն աչքեր իրենց նայվածքով կհաստատեին կնոջը խոսքերը, որ կեզրակացներ վերջապես.
- Մարդը՝ գեղեցկության, կինը կտրիճության կարոտ է՜… խեղճերուն հանցանքն ի՞նչ է, ինչո՞ւ ամչնան, թող իրենց մարդիկն ամչնան…:
Լաչակներու տակ ճակատները հակեցան… բոլոր Ղարս-բազարցի կիները համաձայն էին…: