Այս էջը հաստատված է

Իր մարելու մոտ աչքերը դարձան պատն ի վար կախված հրացաններուն և կարծես ամբողջ իր երկար կյանքին մեջ մութ մնացած բան մը լուսավորված ըլլար, մրմնջեց.

- Ըսի ջահիլներուն, նոր հարսերուն և աղջիկներուն. ձեր փառքն ու զարդարանքը փոխեցե'ք, մենք կույր աշխարհ ենք եկեր, կույր ենք ապրել. փեթռտելով հանեցեք ու ձեզմե հեռու նետեցեք ոսկիի շարքերը, ապարանջանները, մետաքսյա քողերը…

Անգամ մըն ալ իր մարած աչքերը դարձուց դեպի պատը:

Ուշադիր ու երկյուղառ` հոն հավաքված կիները մտիկ կընեին.

- Ահավասիկ մեր զարդարանքը, մեր փառքը, մեր մալը՜…

Երբ սենյակեն դուրս ելանք, ընդարձակ սրահին մեջ կրկին հանդիպեցանք թշվառատեսիլ քահանային. ձեռքերը ծալած կուրծքին վրա կպտուտքեր արկածյալներու մեջ: Սեզ տեսնելուն՝ տխրորեն ժպտեցավ ու, իր բախտին համակերպած մարդու հանդարտությամբ, կեցավ մեկ կեղմ: Իր քով գացինք ու պահ մըն ալ խոսեցանք իր հետ.

- Եկեղեցին փրկեցինք,- ըսավ քահանան,- բայց անիկա հիմա ամբարանոց եղած է. գյուղացիները հունձքերը քաղեցին ու տեղ չունեին դնելու. եկեղ տարվան սերմնացուն փչացնեի՞նք, ձմեռվան պաշարը մեջտեղ ձգեի՞նք… եկեղեցիին դուռները բացի ու ըսի - «Եկե՛ք, տղաքներ, եկե՛ք, բերե՛ք ձեր արտերուն օրհնյալ պտուղները. ձեր քրտինքին արդյունքը… եկեղեցին ձեր տունն է»:

Այս խոսքերեն ետքը, քահանան մեր աչքերուն մեջ կնայեր վարանոտ տրամադրություններով, թե լա՞վ էր ըրածը, թե՝ գե՞շ էր արդյոք: Իր երկդիմությունը փարատեցինք մեր ջերմ շնորհավորություններով: Այդ պահուն գոհունակության և ներքին լայն զգացումի մը հառաչանքը թռավ իր կուրծքեն. իր չարչրկված դեմքը պարզեցավ. մորուքը դողդոջեց կուրծքին վրա, ու աչքերը լցվեցան վեհանձն հուզումով մը.

- Աղոթքը հոս կընենք սեղանի մը վրա, -ըսավ, մատովը փոքրիկ սեղան մը ցույց տալով, ժողովուրդը մխիթարելու համար… բայց պատարագ չկա…: Գլուխը շարժեց, միտքը թափառուն սարսափելի հիշատակներու մեջ. ու իր գեղջուկ քահանայի հատուկ իմաստասիրությամբը ավելցուց.