Էֆենդիի որդի Մահմուտ հոճային:
Կռիվն անհավասար կըլլար, թե գյուղացիներու փոքր թվին և թե իրենց որսի զենքերու տկարության պատճառով․ բայց հոճան իր տունը կհավաքե կռվողները, զիրենք կսրտապնդե, կգերագրգռե իրենց ինքնապաշտպանության սրբազան խանդը, ու երբ թշնամին կրկին հարձակում կգործե, կգտնե հոճան կյավուրներուն գլուխն անցած:
Հուզմունքի տաք-տաք արցունքներ կիջնան սևցած և խորշոմած դեմքերու վրա, մինչև ուրիշ մը կներկայացնե ուրիշ դրվագ մը.
- Ես Պահճե գյուղացի եմ, Ղարսեն չորս ժամ հեռու, մեր գյուղը կբնակեր Պոյրազ Քյոսե, որուն հայրն ու մեծ հայրը մեռած էին ժամանակավ Զեյթունի մեջ հայերու ձեռքով: Այդ ընտանիքին անդամները մեծ բարեկամություն և ակնածանք կցուցնեին հայերու և չէին դադրեր պարծենալե, թե իրենց հայրն ու մեծ հայրը ճշմարիտ քաջերու ձեռքե մեռած են: Դեպքը պատահեցավ ու անոնք մեզի պաշտպանեցին. կտրիճ էին. ո՛չ թշնամիին թիվը, ո՛չ անոնց զենքերուն տեսակը զիրենք կվախցներ. հարյուր հիսուն հայ իրենց կյանքը կպարտին Պոյրազ Քյոսեին: Օր մը իր բացակայաթենեն օգուտ քաղելով դուշմանը եկավ մեր վրա. այն օրն ալ Քյոսեին կինը գլուխը կեցավ և կրցանք մենք մեզի պաշտպանել:
Այս պատմություններն ընդհատվեցան Ճին Թորոսի երևումովը․ անիկա նույն օրը գացեր էր շրջակայքը պտտելու և այդ պահուն միայն հասեր էր Ղարս-Բազար: Մեծ խանդավառությամբ ողջունեցին զինքը, և մեր դիմացը բոլորակի նստող գյուղացիները տեղ բացին իրեն: Անիկա բարձրահասակ և հաղթանդամ մարդ մըն էր, որ ճորճորալով կառաջանար պատշգամբին վրա. մութ ըլլալուն՝ անմիջապես չտեսանք իր դեմքը․ բայց երբ անիկա իր կարգին ծալլապատիկ նստեցավ, մեջտեղը դրված խոշոր լապտերին լույսով որոշեցինք իր դիմագծերը: Թուխ էր մյուսներուն պես և դեմքն արևին տակ կնճռոտած․ իր աչքերը կփայլեին արտասովոր, գրեթե հիմարական փայլով մը, ու ինքն ամբողջությամբ գինովի երևույթ ուներ․ կարծես արբեցած ըլլար իր անակնկալ, իր արտակարգ հաջողությունովը: Երբեմն փառապանծ, երբեմն խոնարհ, անիկա կճաշակեր իր հաղթանակը, իր լռության մեջ: