Պահ մը ամենքն ալ լռեցին և նայվածքներով գգվեցին այդ հերոսը: Անիկա Ղարս-բազարցիին շփացած տղան դարձած էր. տեղին երևելիներն իրարու հետ կմրցեին՝ անոր ծխախոտ հրամցնելու. և անիկա երբեմն կծեքծեքեր, երբեմն կպատասխաներ առնական խստությունով, երբեմն կհեգներ և ձեռքովը կզարներ ընտանեկաբար իր քովը նստած տարեց և լուրջ ագարակապետի մը ծունկերուն.
- Էհ, հե՜յ… ժամանակները փոխվեցան… ոտքերնուդ փոշին չէի, իսկ այսօ՜ր…:Մի՞տքդ է, Կիրոս էմմի՛, մի՛ ուրանար, եթե խաղաղ ատեն գայի՝ ափ մը ցորեն ուզեի կմերժեիր, իսկ այսօ՜ր...
- Այսօր ամենքս մեկ ենք, հողի հավասար եղանք, մալս մյուլքս չմնաց… ես ալ իմ տեղս մարդ էի… դրամ չունեցողը զրո է այս աշխարհիս մեջ…:
- Դեռ քանի մը օր է, որ դրամ չունիս, ես միշտ այդպես եմ եղած… բախտը կփոխվի, ֆելեկին անիվը կդառնա՜…:
Իր հեգնությունն այդ տառապյալ մարդոց մեջ մեզի անհարկի կթվեր ու անհանգիստ կզգայինք ինքզինքնիս. բայց երբ կխոսեր այն օրերուն վրա, իր գինովի և խենթի արտահայտությունը կմեղմանար, լուրջ, խոհուն և հանդարտ երևույթ մը կառներ ու կհիշեր ինչպես ամենեն նվիրական դրվագն իր կյանքին.
- Ափսո՜ս այն օրերուն… կյանք կար ու կապրեի՜նք… է՜յ հե՜յ… երբ ամեն րոպե կկարծես թե վերջինն է, կյանքն ուրիշ համ մը կունենա. հոգինիս ակռաներուս ետևեն էր, եթե քիչ մը թուլնայինք՝ կմեռնեինք…:
Ուշ ատեն մեզ շրջապատող տեղացիները ցրվեցան, ու երկու պառավներ, որոնք անքուն կհսկեին մեզի, առաջնորդեցին չարտաքը, մեզի համար որոշված տեղը…: Հակառակ մարդկային կարողութենե գեր ի վեր չափով մը հոգնած ըլլալնուս, չկրցանք քնանալ. աչքերնիս հառած աստղազարդ երկինքին, մինչև արշալույս մտքերնիս աշխատեցավ տարուբերելով այլ և այլ տեսակե պատմություններու մեջ…: Երբեմն ծերունին էր, որ կներկայանար իր դողդոջ մորուքով և իր խոսքերուն դառն և անմխիթարելի իմաստով. երբեմն հայ կինն էր իր մազազուրկ և թշվառութենե տգեղցած գլխով, իր բողոքներով և պաղատանքներով: Ահավասիկ նաև ինքնապաշտպանության խրոխտ