և ամոքիչ դրվագները, դպրոցը, նոր հարսի սենյակին պատն ի վար կախված հրացանները, ու քահանան, ու Ճին Թորոսը ու հայերը պաշտպանող թուրքերը, որոնց մեկուն հայրը և մեծ հայրն ալ սպաննված են եղեր Զեյթունի մեջ հայերու ձեռքով…:
Հետևյալ առավոտուն կանուխեն ճամփա ելած էինք և միջօրեի արևին շեշտակի և անողոք ճառագայթներուն տակ, սայլը կերթար արդեն հոգնած իր անդադար գնացքեն: Ճերմակ և արևակեզ ճամփուն վրա ձիերուն պայտերը չոր և կտրուկ աղմուկ մը ունեին և իրենց հետզհետե ավելի դանդաղող քայլերը փութացնելու համար՝ սայլապանին մտրակը կբարձրանար շաչելով: Ծարավը կտանջեր մեզի, բայց ճամփուն վրա հանդիպած բոլոր ջրհորները կասկածելի էին. դեպքի հաջորդող օրերուն այնքան շատ դիակներ նետված էին այդ հորերուն մեջ…:
Հարթ, տափակ և մերկ տարածություններ մեզի կշրջապատեին. արևեն խանձած, ճղճիմ և հողին փակած վտիտ բույսեր հազիվ թե կգունավորեին արտերուն գորշությունը, մեր աչքն առածին չափ տեղ՝ ոչ մեկ ծառ, ոչ մեկ բնակություն, կարծես անապատի մը մեջեն կերթայինք: Իրիկվան դեմ միայն, երբ մոտեցանք Օսմանիեի, տեղ-տեղ նշմարեցինք կացինով տապալած ծառի բեկորներ և մոխրակույտեր. խանձած ճյուղեր ասդին-անդին տարածված․ մարդկային կմախքներու տպավորությունը կձգեի․ ասոնք հրդեհված ագարակներու կամ քանի մը խրճիթներե բաղկացած գյուղակներու հետքերն էին:
Ժամեր ու ժամեր կանցնեին այսպես․ սայլը կթավալեր անդադար ճերմակ ճամփուն վրա, ու մենք կռթնած բարձերու, ուժգնորեն ցնցվելով ամեն րոպե՝ կջանայինք մեր տպավորությունները հաղորդելու իրարու: Բայց մեր խոսքերը կկտրատվեին կարծես տապարի հարվածներով:
Ավելի հաճախ լուռ կմնայինք ու աչքերնիս սևեռած մեր դիմացը, կհետևեինք մեր հիշատակներուն ընծայած պատկերներուն… Երբեմն սայլը, սայլապանը, ձիերը մրափելու երևույթ ունեին․ մտրակը կախ կմնար ու կքաշվեր հողին մեջ, ձիերը գլուխներնին կխոնարհեին, ու սայլը կգլտորեր ճամփուն պզտիկ քարերուն վրա ոստոստելեն: Բայց ահա կառապանը կուշաբերեր, մտրակը կշաչեր, ու ձիերուն