Միջոց մը դեռ անցանք քյոշկերու առաջքեն: Ծառերուն սոսափյունը,թռչուններուն ճռվողյունը,բնությունն իր այլազան արտահայտություններով կամոքեր մեր ճամփու հոգնությունները: Ու ահա մտանք բուն իսկ քաղաքին մեջ, անցանք շուկայեն, ուր կրպակներու առաջք ցած աթոռներու վրա նստած մարդիկ, անտարբեր երևույթով, աչքերնին դանդաղորեն կբարձրացնեին մեր վրա: Պահ մը նարգիլեին կլկլոցը կդադրեր` անմիջապես վերսկսելու համար, ու Օսմանիեի այդ ամենեն բազմամարդ ճամփուն վրա կատարյալ լռություն կտիրեր:
Կարծես մարդիկ համր և խուլ էին. միայն երբեմն սառ ծախող տղեկի մը երկարաձգվող կոչը կլսվեր ողբագին աղաղակի մը պես:
Ո՞ւր պիտի կենանք, որո՞ւ պիտի դիմենք այս օտար քաղաքին մեջ. ո՞ւր պիտի ընտրենք մեր հանգրվանը. նախապես գիտեինք թե ոչ եկեղեցի մնացած էր, ոչ դպրոց. հայկական ոչ մեկ երդիկ, ուր երթայինք հյուրընկալություն խնդրելու.
- Կա՛, կա՛,- կկգոչե սայլապանը, անգամ մըն ալ շաչելով մտրակը, - մեկ տուն մը միայն ազատված է, որվհետև թուրքերուն շուկային մեջ ըլլալուն՝ չեն ուզած զայն այրել շրջակա իսլամ տուներուն չվնասելու համար, հոն ապաստանած են Օսմանիեի մնացած հայե րը… այրիներ,և որբեր…:
Սայլը կեցավ… մինչ տղոց երամ մը շրջապատեց մեզի, ամեն տարիքե և սեռե, ցնցոտիներ հագած, մազերնին թնջուկ, աչքերնին հիվանդոտ, շրթունքներնին վերքոտ՝ կրելով այն մասնավոր կնիքը, որ այլևս մեզի ընտանի դարձած էր.- արկածյալներու կնիքը:
Այն տունը. ուր իջևանած էինք, ընդարձակ էր և բազմահարկ, շրջապատված ընդարձակ պարտեզով մը, ամեն հարկերը լեցուն էին այլևայլ աստիճանի արկածյալներով: Եղերական պատկերը, որ կներկայանար աչքիս՝ անմոռանալի էր. խումբ-խումբ, թե առանձին այրիներ՝ պատառատուն հագուստներով, սգավոր մայրեր, խարխափող կույրեր կողբային անդադար: Օրեր և շաբաթներ անցեր էին դեպքեն ի վեր, բայց իրենց սիրտերը բզկտող ցավը չէր մեղմացեր. ապշահար տղաք կդեգերեին իրենց ծնողներուն շուրջը և իրենց նայվածքներուն հասունությունը սրտառուչ էր: Երբ այրիները մեզի տեսան, պահ մը դադրեցան հեկեկալն ու իրենց արցունքե ուռած